ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասվում է.
«Ակնհայտ է, որ Ձեր ղեկավարությամբ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը տպավորիչ արդյունքների է հասել՝ առաջընթաց գրանցելով տարբեր բնագավառներում և արձանագրելով անշեղ զարգացում։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ առկա ավանդական բարեկամական հարաբերությունները, բազմոլորտ համագործակցությունը և կառուցողական երկխոսությունը՝ բարձր գնահատելով Ձեր անձնական ներդրումը այդ ամենի ամրապնդման գործում:
Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-չինական փոխգործակցության առավել ընդլայնմանը և խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: