Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ:

Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ:

Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների:

Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»։

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում