Մարզային

Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության եւ քրիստոնեական բժշկության մեթոդները

3 րոպեի ընթերցում

Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության  եւ քրիստոնեական բժշկության մեթոդները

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առաջին անգամ փորձ է արվում համադրել գիտական հոգեբանության եւ քրիստոնեական բժշկության մեթոդները՝ վեր հանելով Հայ Առաքելական Եկեղեցու կողմից դարեր շարունակ կիրառված, բայց արդեն գրեթե մոռացված մեթոդները:

Հունիսի 25-ից Գյումրու Հայ Առաքելական Եկեղեցու Սոցիալ-կրթական կենտրոնում կգործի «Սոցիալական ադապտացիայի քրիստոնեական հոգեբանական կենտրոն»-ը: Կենտրոնի նպատակն է օգնել Շիրակի մարզի նեւրոտիկ, վարքային եւ սթրեսային խանգարումներ ունեցող անձանց՝ անկախ սեռից, տարիքից, կրոնական պատկանելությունից եւ սոցիալական կարգավիճակից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` կենտրոնում միաժամանակ աշխատելու են հոգեբանն ու հոգեւորականը: Հոգեբանի կողմից իրականացվելու է հետազոտություն եւ օգնություն, իսկ հոգեւորականի կողմից՝ խորհուրդ եւ աջակցություն: Կենտրոնն իր ուշադրությունը սեւեռելու է նաեւ ազգային-ավանդական բժշկության մեթոդներին՝ դրանք կիրառելով գիտական բժշկության մեջ:

Բուժման եւ սոցիալական վերականգնման ամբողջ ընթացքում կենտրոնի շահառուներն ընդգրկված են լինելու տարբեր հանրօգուտ եւ եկեղեցանպաստ ձեռնարկներում: Բուժումը լինելու է առանց դեղորայքի: Աջակցության մեթոդները լինելու են հոգեթերապիան, աղոթքը, հաղորդությունը, պահքը, ծոմը, քահանայի օրհնությունը, ազգային- ավանդական սովորույթների կիրառումը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի պատասխանատու Կարեն Պետրոսյանը նշեց, որ թեեւ աշխարհում արդեն կա հսկայական հոգեբանական գիտական ժառանգություն, բայց Հայաստանում, այդ ժառանգությանը զուգահեռ, եղել է եկեղեցական բուժական համակարգ, որն այսօր չկա: «Դա չի նշանակում ազգային ավանդույթներ՝ ոչ քրիստոնեական մեթոդներով, չեն օգտագործվելու այնպիսի սովորույթներ, որոնք ինքնածին են կամ ինքնաշեն եւ չունեն ավետարանական հենք: Մենք վերցրել ենք այն, ինչը պատկանում է ազգային-քրիստոնեական շերտին: Եվ այդ պատճառով քահանայի ներկայությունը մեր աշխատանքներում կանխում է քրիստոնեկան արժեհամակարգից հեռանալու ռիսկը»,-ընդգծեց Կարեն Պետրոսյանը:

Կենտրոնը գործում է Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ: «Այս ծառայությունը մարդկանց տալու է խաղաղ, գիտակցված, ճանաչված կյանք: Մեր օրերում այս ծառայության կարիքը շատ կա , ցավոք, նաեւ երիտասարդների շրջանում: Չնչին հուզվածությունը կամ լարվածությունը հաճախ կարող է առաջ բերել ավելի լուրջ խնդիր, դրա համար հարկավոր է կիրառել հոգին բուժելու այս մեթոդները»,- նշեց Տեր Փավստոս քահանա Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում