Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արարատ 73»-ը` 40 տարի անց. Արկադի Անդրեասյան

«Արարատ 73»-ը` 40 տարի անց. Արկադի Անդրեասյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզական աշխարհում մեծագույն նվաճումը օլիմպիական ոսկին է: Հայկական սպորտի պատմության մեջ13 օլիմպիական չեմպիոններ ունենք, սակայն միաժամանակ ունենք տասնյակից ավելի անուններ, ովքեր ոսկետառ էջ գրեցին հայկական սպորտի պատմության մեջ: «Արմենպրես»-ը 40 տարի անց «բացում է» այդ ոսկետառ էջը : Տարիների հեռվից կներկայացնենք «Արարատ 73»-ի երբեք չմարող, սերունդներին միշտ հպարտություն պարգևող այդ հաղթանակների նոր մանրամասներ, որոնք պատմում են և հերոսները, և այդ օրը տոն դարձրած ականատեսները:

Պատմում է ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Ծնվել է 1947 թվականին: Կիսապաշտպան: 1971 թվականի ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր: 1973 ԽՍՀՄ գավաթակիր եւ առաջնության չեմպիոն: Մյունխենի 20-րդ օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր: 1971 եւ 1973թթ. ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների կազմում: Հանդես է եկել ԽՍՀՄ հավաքականի կազմում: Պարգեւատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրով: Մասնակցել է 142 խաղի, խփել է 32 գնդակ:


-«Արարատ 73»-ից 40 տարի է անցել, որքանով են թարմ մնացել Ձեր հիշողությունները:

-Երեկ չէր, բայց ժամանակը շատ շուտ անցավ: Ժամանակը թռչելով է գնում: Նույնիսկ չեմ էլ հավատում, որ 40 տարի է անցել: Հիշողություններս մինչեւ հիմա էլ վառ ու թարմ են`նախորդ օրվա դիպվածի նման: Շատ մեծ բան է , որ 70-ականների «Արարատ»-ին ժողովուրդը մինչ այժմ հիշում է ու կարծում եմ` երբեք էլ չի մոռանալու: Նույնիսկ 20- 30 տարեկանները, որ դեռ չէին ծնվել, ականատեսի հպարտությամբ են խոսում: Ուրախ եմ, որ այդ ուրախությունը պարգևողներից մեկն էլ ես եմ եղել:

-«Արարատ»-ի փառքի օրերին ժողովրդի մեջ ծնվեց «Արարատ, հուպ տուր» արտահայտությունը, որն այսօր էլ հնչում է ազգային հավաքականի հանդիպումների ժամանակ: Լսելիս ինչ զգացողություններ եք ունենում:

-Ժողովուրդը մեզանից միայն հաղթանակ էր ուզում: Եւ հենց այդ վանկարկումներն էին, որ թիմն առաջ էին տանում: Անկախ մեզանից մենք արագացնում էինք խաղի տեմպը, մրցակցի վրա մեր ճնշումը: Մեզ այդ բառերը ուժ էին տալիս: Այժմ լսելիս ոզում եմ, որ այսօրվա մեր երիտասարդներն էլ նույն ուրախությունը պարգևեն մեր ժողովրդին: Անշուշտ, մի օր դա կլինի, չէ որ նրանք ազգային հավաքականում են խաղում:

-«Արարատ 73» լսելիս ինչ եք առաջինը մտաբերում:

«Արարատ»-ը միայն 73-ը չէ: Մեր վերելքն սկսվեց 70-ականների սկզբին: Բացի 73-ից` երբ դարձանք ԽՍՀՄ առաջնության հաղթող եւ գավաթակիր, մենք հետագայում նվաճեցինք նաեւ արծաթե մեդալ, իսկ 75-ին կրկին նվաճեցինք ԽՍՀՄ գավաթը: Անգամ 76-ին մեզ հաջողվեց, ցավոք, մի վերջին անգամ նվաճել արծաթե մեդալ: Իհարկե, 73-ը մեր ամենամեծ բարձունքն էր, որ նվաճեցինք:

Կարոտելը չեմ կարոտում, բայց հաճախակի եմ հիշում: Պետք է ապրել այդ ժամանակներով: Հաղթեցինք անցավ գնաց:

-Դուք մարզիչ եք աշխատել նաեւ Լիբանանում, որն էր տարբերությունը մեր եւ նրանց ֆուտբոլի միջև, եւ ինչու շուտ հեռացաք մարզչական աշխատանքից:

-Լիբանանում վատ տարիներին էի` 1993-ին: Այստեղ ֆուտբոլ չկար, ինձ էլ աշխատանք էր պետք, և ընդունեց հրավերը: Դեռեւս 80-ականներին աշխատում էի «Արարատ»-ում, 82-ին ԽՍՀՄ առաջնությունում հինգերորդն էինք: Մինչեւ 89-ը թիվը մնացի «Արարատ»-ում: Ֆուտբոլից հեռանալն այդքան էլ ինձանից կախված չէր, ավելի շատ նրանցից, ովքեր ղեկավարում էին ակումբը: Գումարը, որ դրվում էր ֆուտբոլում, չէր դրվում առաջ գնալու համար, այլ գոյություն պահպանելու համար: Ես բավականություն չէի ստանում իմ կատարած աշխատանքից: Եթե Խորհրդային միության տարիներին աշխատում էինք միայն առաջ գնալու համար, ապա այստեղ ցանկություն կար միայն գոյություն պաշտպանել:

-Մեր օրերում կա մի թիմ կամ ֆուտբոլիստ, ում խաղերին հետեւում եք:

Հիմա ես մի ուրիշ աչքով եմ նայում: Արդեն որպես պրոֆեսիոնալնայում եմ որոշ թիմերի հանդիպումները, որոնք ինձ դուր են գալիս: Խոսելիս խոսում եմ ոչ որպես երկրպագու, չունեմ մի թիմ, որին երկրպագեմ:Շատ ֆուտբոլիստերի խաղեր են ինձ դուր գալիս:

-Ինչպիսին է Ձեր կարձիքը մեր հավաքականի ֆուտբոլիստների մասին:

Եթե վերլուծեմ, ապա ընտրանին որոշ խաղերում լավ էր խաղում: Օրինակ` հրաշալի խաղացին Սլովակիայի հետ: Մեծ հաջողություն էր հակառակորդի դաշտում 4 գնդակ խփելը: Բայց ես չեմ հավատում, որ մեր հավաքականը այս կազմով կարող է մեծ հաջողությունների հասնել: Քանի որ մենք չունենք լավ պաշտպանություն կամ կիսապաշտպանություն: Բայց մենք ունենք Մխիթարյան, ով լավագույնների շարքում է: Կա նաեւ Մովսիսյան, ով բավականին հաջող հարձակվող է: Կան նաեւ Օզբիլիսը, Մարկոս Պիզելին: Մեծ հաջությունների հասնելու համար մեզ Մխիթարյանի նման եւս 4-5 ֆուտբոլիստ է հարկավոր: Այդ դեպքում գոնե թիմի կեսը կլինի բարձրակարգ ֆուտբոլիստներով համալրված եւ կլրացնի մյուս կեսին: Ես մեր հավաքականի այն երկրպագուներից չեմ, ովքեր ասում են, որ ընտրանին լավ է խաղում. ես իրատես եմ: Մեզ ամուր հիմք է պետք, եթե դա ունենանք, մեզ կհաջողվի առաջ գնալ: Ինչպես որ «Արարատ»-ը մի անգամ հավաքվեց, մի օր էլ Հայաստանի ազգային հավաքականը կհավաքվի:

Արկադի Անդրիասյանի հուշերը գրի առավ Վարվառա Հայրապետյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am