Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում գտնվելու առաջին օրերից սիրեցի այս երկիրը և նրա հրաշալի ժողովրդին. Իվան Կուխտա

Հայաստանում գտնվելու առաջին օրերից սիրեցի այս երկիրը և նրա հրաշալի 
ժողովրդին.  Իվան Կուխտա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունները գալիս են դարերի խորքից: Պատմաբաններն այդ հարաբերությունների սկիզբը թվագրում են 11-րդ դարին, և այդ ժամանակներից սկսած բոլոր քաղաքական գործիչները, դիվանագետները, հասարակական գործիչներն աշխատում են այդ բարեկամությունն առավել զարգացնելու ուղղությամբ: Երկկողմ հարաբերությունների ներկա մակարդակի, առկա չօգտագործված հնարավորությունների և ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց Հայաստանում Ուկրաինայի  արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հետ:

-Պարոն դեսպան,  ինչպե ՞ս են զարգանում հայ-ուկրաինական երկկողմ  հարաբերությունները:  Ձեր կարծիքով,  ո ՞ր ոլորտներում են առկա հարաբերությունների խորացման  առավել մեծ հնարավորություններ:

-Վերջին երկու տարիներին հայ-ուկրաինական հարաբերությունները զգալիորեն ակտիվացել են: Ընդ որում, ակտիվացել են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար-մշակութային: Պատմաբանները հիշատակում  են, որ հայ և ուկրաինացի ժողովուրդների միջև բարեկամությունը սկսվել է 11-րդ դարում և այդ ժամանակներից սկսած բոլոր քաղաքական գործիչները, բոլոր դիվանագետները, հասարակական գործիչները և ուղղակի մարդիկ  աշխատում են այդ բարեկամությունն էլ ավելի զարգացնել:

 Անկասկած ամենաառաջնային հարցը երկկողմ հարաբերություններում` տնտեսական ոլորտն է: Դա կապված է այն հանգամանքի հետ,  որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը նպաստում է հասարակ մարդկանց նյութական բարեկեցության բարձրացմանը: Մասնավորապես՝  առևտրի ընդլայնումը նպաստում է Հայաստանում և Ուկրաինայում աշխատատեղերի ավելացմանը,  հետևաբար` երկու երկրների բյուջեների եկամուտների մեծացմանը:

Երկկողմ հարաբերությունների զարգացումը բոլոր ոլորտներում` առաջին հերթին բարձր մակարդակով կապերն են: 2011 թվականին կայացավ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցն Ուկրաինա, անցկացվեց միջկառավարական հանձնաժողովի նիստ, անցկացվեցին Ուկրաինայում հայկական մշակույթի օրեր, ինչպես նաև գործարար համաժողով: 2011 թվականին տեղի ունեցան նաև Ուկրաինայի արտաքին գործերի  նախարար Գրիշենկոյի և  խորհրդարանի խոսնակ Լիտվինի  այցերը Հայաստան: Այդ տարի անցկացվեցին Հայաստանում Ուկրաինայի մշակույթի օրեր, ընդ որում, վերջին քսան տարիների ընթացքում` առաջին անգամ: Այնպես որ, կարող ենք արձանագրել երկխոսության ակտիվացում բոլոր բնագավառներում:

Եթե խոսում ենք երկկողմ տնտեսական համագործակցության մասին, պետք է նշեմ, որ չնայած կայուն զարգացման միտումներին,  երկու երկրների նախագահները բազմիցս նշել են, որ առկա ցուցանիշները չեն համապատասխանում երկրների ունեցած հնարավորություններին: Այդ հանգամանքով պայմանավորված` մենք ներդնում ենք առավելագույն ջանքեր` երկկողմ համագործակցության նոր ուղիներ և ոլորտներ գտնելու համար:

-Որքա ՞ն է Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառության ծավալը: Ի ՞նչ կարելի է անել ապրանքաշրջանառությունն ավելի ակտիվացնելու համար:

-2010 թվականին առևտրաշրջանառությունը կազմել է 240 միլիոն դոլար, 2011-ին հասել է 270 միլիոն դոլարի: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով` արձանագրել ենք մոտ 100 միլիոն դոլար ծավալ: Դա մի փոքր ցածր է նախորդ տարվա ցուցանիշից, բայց մինչև տարեվերջ մենք նախատեսում ենք, որ այն կհասնի նախորդ տարիների միջին ցուցանիշներին: Մեր խորին համոզմամբ, նոյեմբերի 19-ին Երևանում կայանալիք տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանը: Հայաստանի և Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների ներկայացուցիչների հանդիպումը դրական նոր լիցք կհաղորդի առևտրատնտեսական համագործակցության խորացմանը, ինչն իր արդյունքները կտա մոտ ապագայում:

-Հայկական արտադրության ո ՞ր ապրանքատեսակներն են հետաքրքրություն ներկայացնում ուկրաինական շուկայում: 

-Ուկրաինայից Հայաստան առաքվող ապրանքների մեջ առաջնային տեղերում են շինարարական նյութերը, հիմնականում մետաղական արտադրանքները, հրուշակեղենը, օղին եւ լիկյորները:  Հայաստանից Ուկրաինան ներմուծում է գյուղատնտեսական արտադրանք, կոնյակ, մրգերից պատրաստված մթերքներ: Այսօր Ուկրաինան հետաքրքրված է մոլիբդենի մշակումից ստացվող նյութերի ոլորտում համագործակցության և առևտրի  հաստատմամբ:

-Ինչպե ՞ս են զարգանում հայ-ուկրաինական զբոսաշրջային հարաբերությունները: Ինչպե ՞ս եք գնահատում Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները: 

-Շատ հաճելի է,  որ անդրադարձանք այս հարցին, որովհետև  մեր երկրների բնական հարստությունները և մշակութային մեծ ժառանգությունն ընձեռնում են զբոսաշրջային համագործակցության զարգացման բոլոր հնարավորությունները: Այսօր Հայաստանը և Ուկրաինան ավելի գրավիչ են դառնում ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրների, այլ նաև Եվրոպայի և աշխարհի այլ երկրների համար: Այդպիսի հետաքրքրության դրսևորումներից էր Ուկրաինայում  անցկացված ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընթացքում զբոսաշրջային հոսքերը: Հայաստանից շատ մեծ թվով զբոսաշրջիկներ էին ներկա  Դոնեցկում, Խարկովում, Կիևում և Լվովում անցկացվող հանդիպումներին:  Հայաստանի այն քաղաքացիները, ում հետ շփվել եմ, շատ ջերմ  էին  արձագանքում Ուկրաինայում ունեցած իրենց ճանապարհորդության մասին:

Ուկրաինայի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է զբոսաշրջության զարգացման համար,  որովհետև Ուկրաինան գտնվում է Եվրոպայից Ասիա գնացող ճանապարհների խաչմերուկում: Բացի դրանից, այդ ոլորտի զարգացմանը նպաստում են Ուկրաինայում գտնվող Սև և Ազովի ծովերը:

Ինչ վերաբերում է Հայաստանին, կուզենայի ընդգծել նրա բնության անկրկնելիությունը և գեղեցկությունը: Բացի դրանից, Հայաստանի հսկայական մշակութային ժառանգությունն ավելի ու ավելի է գրավում օտարերկրյա զբոսաշրջիկներին: Հայաստանում զբոսաշրջության զարգացման հնարավորությունները շատ մեծ են: Սակայն  այդ ոլորտում հայ-ուկրաինական համագործակցության ընդլայնմանը խանգարող օբյեկտիվ պատճառներ կան: Առաջին հերթին երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությունը ցամաքային ճանապարհորդությունների դժվարություններ է ստեղծում, իսկ ավիաչվերթները զգալի ծախսերի հետ են կապված:

Չնայած Կիևից Երևան ինքնաթիռը թռչում է երկու ժամում, տոմսի արժեքը մի ուղղությամբ 350 դոլար է: Սրանից հետևում  է, որ միայն ունևոր զբոսաշրջիկը կարող է իրեն թույլ տալ ճանապարհորդության մեկնել Ուկրաինա կամ Հայաստան: Միջին եկամուտներ ունեցող քաղաքացիները ձեռնպահ են մնում այդպիսի ծախսերից` նախընտրելով հանգստի այլ տարբերակներ: Այսօր հայ-ուկրաինական զբոսաշրջային հարաբերությունները փաստացի հիմնված են ազգակցական կապերի վրա` հաշվի առնելով, որ Ուկրաինայում առկա է աշխարհի ամենախոշոր հայկական համայնքներից մեկը: Այդ պատճառով  Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծամասնությունը հիմնականում հայազգի են և նրանք ձգտում են իրենց երեխաներին ծանոթացնել իրենց պատմական հայրենիքի հետ:

-Հայաստանի ո ՞ր մասերում եք եղել և ի ՞նչն է Ձեզ ավելի դուր եկել:

-Ես ուզում եմ ասել,  որ երկու տարվա ընթացքում համարյա ամբողջ Հայաստանը տեսել եմ: Հյուսիսից-հարավ և արևմուտքից-արևելք: Հանգստյան օրերին  ես և կինս սիրում ենք ավտոմեքենայով ճանապարհորդել Հայաստանում: Մեզ շատ է դուր գալիս Տաթևի վանական համալիրը: Մենք ներկա ենք գտնվել Տաթևի ճոպանուղու բացմանը:  Իրենց գեղեցկությամբ հիացնում են նաև Էջմիածնի եկեղեցիները, Գառնի-Գեղարդի պատմական հուշարձանները: Ձմռանը մենք դահուկներով սահելու համար հաճախ ենք մեկնում  լեռնադահուկային հիասքանչ հանգստավայր Ծաղկաձոր: Այդ պատճառով, կուզենայի ևս մեկ անգամ ընդգծել Հայաստանի բնապատկերների գեղեցկությունը և պատմական ժաոանգության եզակիությունը, ինչը երկրին զբոսաշրջության զարգացման անծայրածիր հնարավորություններ է տալիս:

՞նչ երկկողմ ծրագրեր են նախատեսված 2013 թվականի համար: Արդյո՞ք բարձրաստիճան այցեր սպասվում են: 

-2013 թվականի համար շատ մեծ նախատեսված ծրագրեր ունենք: Նախատեսվում են բարձր մակարդակի այցելություններ ինչպես Հայաստան, այնպես էլ Ուկրաինա: 2013 թվականին Ուկրաինան ստանձնելու է ԵԱՀԿ նախագահությունը: Դա շատ կարևոր առաքելություն է Ուկրաինայի համար, առաջին հերթին ինչպես այդ մասին ասում է մեր երկրի ղեկավարությունը, որովհետև ԵԱՀԿ-ն նախատեսում է նաև տարածաշրջանային հակամարտությունների կարգավորում: Վերջերս Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում մեր նախագահը  հայտարարեց, որ Ուկրաինան անելու է հնարավորը տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում մասնակցություն ունենալու համար, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության:

Ուկրաինան հստակ դիրքորոշում ունի այդ հարցում և այդ ուղղությամբ աջակցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ես կարծում եմ, որ այդ կապակցությամբ մեր արտաքին գործերի նախարարի այց կլինի և կանցկացվեն համապատասխան միջոցառումներ, համաժողովներ, որոնց ժամանակ կքննարկվի նաև այդ հարցը:

-Արդեն երկու տարի է Դուք կատարում եք Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պարտականությունները: Այդ ընթացքում ի՞նչ տպավորություններ եք ստացել Հայաստանի և հայերի մասին: Արդյո՞ք այլ ազգերը հայերից սովորելու բան ունեն:

-Մինչև իմ նշանակումը, ես Հայաստանում չէի եղել: Ես բացահայտեցի Հայաստանը միայն այն ժամանակ, երբ դեսպանի կարգավիճակով եկա այստեղ: Հայաստանում գտնվելու առաջին օրերից ես սիրեցի այս երկիրը և նրա հրաշալի ժողովրդին, նրա հնագույն պատմությունն ու մշակույթը: Անկասկած,  Հայաստանում շատ բան կա աշխարհին ցույց տալու, առաջին հերթին հսկայական մշակութային ժառանգությունը: Ինձ հիացնում է սեփական մշակույթը և պատմական արժեքները պահպանելու, զարգացնելու  և ավելացնելու հայ ժողովրդի ունակությունը: Կուզենայի ընդգծել նաև ճարտարապետական, մշակութային և պատմական  կոթողների վերածնվելու հարցում ունեցած առաջընթացը`  ինչին պետությունը մեծ ուշադրություն է հատկացնում: Դրա համար փառք ու պատիվ այս ժողովրդին:

Ամենահաճելին այն է, որ մենք այստեղ ուկրաինացիների և Ուկրաինայի հանդեպ զգում ենք շատ բարյացակամ վերաբերմունք: Հատկապես Սպիտակի երկրաշարժից հետո որոշ կառույցների վերականգնման հետ կապված: Այնտեղ կա մեր նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան հրապարակ: Ես հանդիպել եմ շատ ղեկավարների,  որոնք ասում էին, որ Հայաստանի համար այդ դժվար ժամանակներում ուկրաինացի շինարարները շատ բան են արել Սպիտակի և այլ քաղաքների վերականգնման` հատկապես դպրոցների և մշակույթի օջախների և տների կառուցման գործում:

-Շատ շնորհակալ եմ հարցազրույցի համար:

Հարցազրույցը՝   Հակոբ Վարդանյանի

Լուսանկարները՝  Արևիկ Գրիգորյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]