Մարզային

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի համայնքներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված միջոցառումներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի համայնքներում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախության 21-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներ անցկացվեցին Գեղարքունիքի մարզի 5 քաղաքային և գյուղական գրեթե բոլոր համայնքներում:Տոնական տրամադրությունն իշխում էր ամենուր: Իրենց օրվա տերն էին զգում ինչպես մեծահասակներն, այնպես էլ կրտսեր տարիքի երեխաները: Վերջիններիս համար մարզի և համայնքների ղեկավարների նախաձեռնությամբ ու աջակցությամբ կազմակերպվել էին մարզամշակութային բազմազան միջոցառումներ:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` համայնքներում կազմակերպված միջոցառումներին մասնակցում էին նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, փոխմարզպետերը, համայնքների ղեկավարներ, Հայրենական մեծ պատերազմի եւ Արցախյան ազատամարտի վետերաններ: Մարզի ղեկավարը շնորհավորական ուղերձով դիմեց բնակչությանը՝ նրանց հետ կիսելով տոնական տրամադրությունը:

Ավանդական դհոլն ու զուռնան, հայրենասիրական երգն ու ազգագրական պարերը հրապարակ էին հավաքել տարբեր սերունդների ներկայացուցիչների: Ելույթ ունեցան համայնքներում գործող կրթամշակութային հաստատությունների անհատ կատարողները և պարային համույթները:

Գավառի փոքրիկ հանդիսատեսին զվարճալի ծրագիր մատուցեցին նաև մայրաքաղաքից հրավիրված խմբերը: Տոնակատարության ընթացքում տարբեր համայնքների ստեղծագործական և ուսուցողական կենտրոնների սաները ցուցադրեցին իրենց թեմատիկ աշխատանքները: Անկախության 21-ամյա հոբելյանն առավել հիշարժան դարձավ Գավառի մանկատան այգու շատրվանային համակարգի գործարկմամբ:

Միջոցառման մարզային ծրագիրը հագեցած էր նաև մարզական բազմազան մրցումներով: Այս տոնին էր նվիրված Մարտունի քաղաքում կայացած բռնցքամարտի մարզային բաց առաջնությունը, Գավառ քաղաքում մարզի նախակրթական հաստատությունների սաների միջև անցկացրած սպորտլանդիան, Սևան քաղաքում՝ լողափնյա վոլոյբոլը: Տոնական տրամադրությամբ էին համակված նաև մարզի տարբեր տարածքներից մարզկենտրոնում հավաքված ավելի քան 50 շախմատիստներ՝ յուրաքանչյուրը փորձելով իր հաջողությունը նվիրել մեծ տոնին: Տոնական միջոցառումները բոլոր համայնքներում կեզրափակվեցին երեկոյան հրավառություններով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում