Աֆրիկայի երկրները կստեղծեն սեփական տիեզերական գործակալությունը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆրիկայի երկրները կստեղծեն սեփական տիեզերական գործակալությունը, որպեսզի կախված չլինեն անօդ տարածության յուրացման բնագավառի ճանաչված առաջատարներից: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, այս խնդիրն իրենց առջեւ դրել են Աֆրիկյան միության երկրների կապի նախարարները, որոնք սեպտեմբերի 6-ին խորհրդակցություն են անցկացնում Սուդանի մայրաքաղաք Հարթումում:
«Աֆրիկան պետք Է ունենա սեփական տիեզերական գործակալությունը»,-հայտարարել Է Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը՝ բացելով երկօրյա համաժողովը:
Ենթադրվում Է, որ «ԱֆրիՍփեյս» ապագա գործակալությունը կմշակի Սեւ մայրցամաքի երկարաժամկետ տիեզերական ռազմավարությունը, կսահմանի անդամ երկրների խնդիրները:
Քսան տարի առաջ աֆրիկյան երկրներն ստեղծել են տարածաշրջանային կառույց՝ միջկառավարական կոմերցիոն գործակալություն: Այն 2007 թվականին ուղեծիր դուրս բերեց կապի արբանյակ: Երեք տարի անց արձակվեց եւս մեկ արբանյակ, որն ապահովում Է լայնագոտի կապը, տելեֆոնիան, ռադիոյի եւ հեռուստաազդանշանի հաղորդումն ամբողջ մայրցամաքում:
Խորհրդակցության փաստաթղթերում նշվում Է, որ ներկայում Աֆրիկայում աճում Է լայնագոտի ինտերնետի պահանջարկը: Մասնավորապես, եթե 2009 թվականին այն վայրկյանում կազմում Էր 300 գիգաբիթ, ապա 2018 թվականին կհասնի 8 հազար գիգաբիթի: