Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի հաղթողները. Փաշինյանն անձամբ պարգևատրեց հաղթողների մի մասին

Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի հաղթողները. 
Փաշինյանն անձամբ պարգևատրեց հաղթողների մի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում ապրիլի 28-ին եզրափակվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, և տեղի ունեցավ հաղթող թիմերի պարգևատրման արարողություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս տարի ևս սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2024թ. սիրողական մրցաշարերը:

Եզրափակիչ փուլի մրցախաղերին տեղում հետևել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը, ինչպես նաև ներկա էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Ինչպես նշվեց արարողությանը՝ այս տարի առաջին անգամ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է բացառապես դպրոցականների համար: Ընդհանուր առմամբ, հանրապետության բոլոր դպրոցների շուրջ 45 տոկոսն ընդգրկվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի նախընտրական փուլերում: Մրցումներին Երևանի և ՀՀ մարզերի 626 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան 3100 աշակերտ է մասնակցել:

Եզրափակիչ փուլի 10-12-րդ դասարանների մրցանակակիրներին` Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի, Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցի և Թեղուտի միջնակարգ դպրոցի աշակերտներին պարգևները հանձնեց անձամբ վարչապետը, իսկ 5-9-րդ դասարանների մրցանակակիրներին՝ Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի, Երևանի թիվ 104 հիմնական դպրոցի, Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտների պարգևները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ներկաներին կայացած մրցաշարի առթիվ՝ նշելով, որ սեղանի թենիսի մրցաշարի վերապահումը միայն դպրոցականներին ճիշտ որոշում էր այն առումով, որ այն բոլորովին այլ էմոցիա և տրամադրություն էր հաղորդել մրցաշարի մասնակիցներին: Կառավարության ղեկավարը կարևորեց մրցաշարը  նաև ուսուցիչների աշխատանքն ընդգծելու առումով՝ շեշտելով, որ աշակերտների հաղթանակների մեծ մասն նրանց աշխատանքի արդյունքն է:

«Այս մրցաշարերը կարևոր են այն առումով, որ ավելի ու ավելի շատ պետք է կապված լինեն կրթության, դպրոցի հետ։ Պետք է հետևողականորեն զարգացնել այս ուղղությունը՝ նաև հաշվի առնելով, որ սրանով առողջ ապրելակերպն է քարոզվում, ինչն ունի և՛ առողջապահական, և՛ կրթական, և՛ մեր երկրի մարզական ամբիցիաներն աջակցելու նպատակ»,- ասաց Փաշինյանը՝  շնորհակալություն  հայտնելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կազմակերպչական աշխատանքները պատշաճ մակարդակով իրականացնելու, իսկ Սեղանի թենիսի ֆեդերացիային՝ մրցաշարն արդար, ազատ, թափանցիկ անցկացնելու համար:

Մրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, գավաթներով, մեդալներով, ինչպես նաև դրամական պարգևներով: Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները պարգևատրվել են. 1-ին տեղ՝ 4 մլն դրամ, 2-րդ տեղ՝ 2,500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 1,500,000 դրամ: Պարգևատրվել են նաև դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչները. 1-ին տեղ՝ 700,000 դրամ, 2-րդ տեղ՝ 500,000 դրամ, 3-րդ տեղ՝ 300,000 դրամ: Մրցաշարի հաղթող թիմերի աշակերտները ևս պարգևատրվել են դրամական մրցանակներով. 1-ին տեղ՝ (4 մասնակից) 150,000-ական դրամ, 2-րդ տեղ՝ (4 մասնակից) 100,000-ական դրամ, 3-րդ տեղ՝ (4 մասնակից) 75,000-ական դրամ:

Առաջին տեղը գրաված՝ Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ երկու տարի անընդմեջ մրցանակային տեղեր են զբաղեցրել «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի մրցաշարում, որի արդյունքում ստացած դրամական պարգևի շնորհիվ կարողացել են մինչ այժմ վերանորոգել դպրոցի երկու մարզադահլիճները, իսկ այժմ պատրաստվում են անհրաժեշտ մարզագույք ձեռք բերել:

«Երկրորդ անգամ մրցանակային տեղ զբաղեցնելուց հետո որոշեցի երկրորդ դահլիճի համար ևս մեկ թենիսի սեղան գնել, քանի որ երեխաները շատ էին ցանկանում: Մի երկու ամիս անց իմացանք, որ այսպիսի մրցույթներ են կազմակերպվում, մի քիչ ավելացրեցինք այս մարզաձևով զբաղվելը և մասնակցեցինք համայնքային, մարզային փուլերին և վերջում արդեն եզրափակչին գրավեցինք առաջին տեղը»,- մանրամասնեց մարզիչը՝ հավելելով, որ  դրամական պարգևի միջոցով ցանկանում են նաև դպրոցին կից մարզական տարածքը կահավորել և այն նույնպես իր նպատակին ծառայեցնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am