Տեսանյութ

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում սքրինինգից մինչև բուժում. ինչպես են գործում քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագրերը

4 րոպեի ընթերցում

Վերջին տարիներին սքրինինգային ծրագրերը մի շարք հիվանդությունների պարագայում դարձել են կարևոր օղակ՝ կանխարգելման և վաղ ախտորոշման հարցում. այսօր արդեն մի շարք սքրինինգային ծրագրեր հասանելի են նաև Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում: Ներառված են ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակների մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով երեք սքրինինգային ծրագրերը՝ արգանդի պարանոցի, կոլոռեկտալ և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի  սքրինինգային ծրագրերի կառավարման գծով գլխավոր տնօրենի խորհրդական  Անի Ալավերդյանը նշեց, որ կոլորռեկտալ քաղցկեղի սքրինինգային ծրագիրն  այս պահին դեռ հասանելի չի, այն  հասանելի կլինի մինչև տարվա վերջ:

«Այս պահին հանրապետության ամբողջ տարածքում հասանելի են կրծքագեղձի և արգանդի պարանոցի քաղցկեղի սքրինինգային ծրագրերը։ Սքրինինգը նախնական հետազոտության փուլն է, որին, անհրաժեշտության դեպքում, հաջորդում են լրացուցիչ հետազոտությունները, իսկ խնդրի հայտնաբերման դեպքում՝ բուժումը։ Այս ամբողջ շղթան ամբողջությամբ իրականացվում է Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում»,- մանրամասնեց նա։

Կրծքագեղձի քաղցկեղի  սքրինինգի դեպքում թիրախային տարիքային խումբը  45-ից 68 տարեկան  որևէ գանգատ չունեցող կանայք են, հետազոտության պարբերականությունը 2 տարին մեկ անգամ է, իսկ  արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքում մարդում պապիլոմավիրուսի ՊՇՌ թեստավորումն է, լրահետազոտությունը, այն է կոլպոսկոպիկ հետազոտությունը 30-ից 60 տարեկան կանանց շրջանում:

«Այս հետազոտությունների մասով բժշկական կենտրոնների ցանկը տեղադրված է մեր կայքում։ Նշեմ, որ մարդու պապիլոմավիրուսի ՊՇՌ թեստավորումն իրականացվում է առողջության առաջնային պահպանման օղակներում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում՝ հանրապետության ամբողջ տարածքում։ Իսկ կոլպոսկոպիկ հետազոտությունն իրականացվում է առանձին բժշկական կենտրոններում և մասնագետների կողմից, որոնց ցանկը նույնպես հասանելի է կայքում։

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման դեպքում բացասական արդյունքի պարագայում հետազոտությունը կրկնվում է 5 տարին մեկ անգամ։ Եթե թեստի պատասխանը դրական է, կինը ենթարկվում է կոլպոսկոպիկ հետազոտության։ Անհրաժեշտության դեպքում բժիշկը կատարում է բիոպսիա՝ հետագա հյուսվածաբանական քննությամբ։ Եթե հետազոտության ընթացքում խնդիր չի հայտնաբերվում, մեկ տարի անց կինը կրկին հրավիրվում է թեստավորում անցնելու»,- ասաց Ալավերդյանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ծննդատան հղիների ախտաբանության բաժանմունքի ղեկավար Արմեն Մկրտչյանի խոսքով՝ արդեն ապացուցված է, որ արգանդի պարանոցի քաղցկեղի պատճառը մեծամասամբ հենց վիրուսն է:

«Մարդու պապիլոմավիրուսի հայտնաբերումը դատավճիռ չէ։ Դեպքերի շուրջ 90 տոկոսի դեպքում վիրուսն օրգանիզմից հեռանում է ինքնուրույն։ Սակայն այն 10 տոկոսի դեպքում, երբ վիրուսը պահպանվում է, կարող է հանգեցնել նախաքաղցկեղային փոփոխությունների։ Թեստավորումն ամբողջությամբ անցավ և անվտանգ գործընթաց է»,- եզրափակեց մասնագետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում