4 րոպեի ընթերցում
Քրոնիկ հեպատիտ Ց-ն վերջին տարիներին բավականին լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Հիվանդության տարածումը կանխարգելելու և բուժելու նպատակով Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնն իրականացնում է լայնամասշտաբ նախագիծ, որի շրջանակում կենտրոնում այսուհետ հեպատիտ Ց-ն բուժվում է ամբողջությամբ անվճար, այդ թվում՝ բժշկի խորհրդատվությունը, անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտությունները և դեղորայքը:
Նախկինում անվճար տրամադրվում էր միայն դեղորայքը, իսկ նախորդող գործընթացները վճարովի էին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԻՀԱԿ մեծահասակների բաժանմունքի վարիչ, բժիշկ-վարակաբան Ռիմա Այվազյանը նշեց, որ ըստ ԱՀԿ-ի տվյալների՝ մոտ 47-ից 50 միլիոն մարդ ամբողջ աշխարհում ունի քրոնիկ վիրուսային հեպատիտ և տարեկան մոտ 1 միլիոն մարդ մահանում է հենց քրոնիկ վիրուսային հեպատիտով պայմանավորված բարդություններից, ինչպիսիք են հեպատոցիալիլուլյար կարտցինոմը և լյարդի ցիրոզը:
«Հաշվի առնելով այդ խնդիրը՝ ԱՀԿ-ի կողմից ընտրվել է մի թիրախ, որի նպատակն է մինչև 2030 թվականը կազմակերպել լուրջ միջոցառումներ և հասնել թիրախային ցուցանիշների՝ իջեցնելով, նվազեցնելով քրոնիկ վիրուսային հեպատիտով պացիենտների քանակը և դրանով պայմանավորված բարդությունները»,- ասաց մասնագետը։
Վիրուսային հեպատիտները տարածվում են հիմնականում արյան հետ կոնտակտի միջոցով, ավելի քիչ հավանական է նաև սեռական ճանապարհով և մորից երեխային փոխանցման ճանապարհով:
Ըստ մասնագետի՝ հիվանդությունը տարիներ շարունակ կարող է ընթանալ հիմնականում անախտանիշ, բայց ժամանակի ընթացքում կարող են առաջանալ լուրջ առողջական խնդիրներ, ինչպիսիք են լյարդի ցիռոզը և լյարդի ուռուցքները:
«Շատ կարևոր է հասցնել ազգաբնակչությանը, որ քրոնիկ վիրուսային հեպատիտ ունենալը ո՛չ ամոթ է, ո՛չ խարան, ո՛չ էլ դատավճիռ։ Իրականում կա մի այսպիսի մոտեցում, որ վիրուսային հեպատիտների համար առավելապես գոյություն ունեն ռիսկային խմբեր, և որ դրանք հիմնականում ներերակային թմրամիջոցներ օգտագործողներն են, բայց իրականում մեզանից յուրաքանչյուրը այսօր կարող է վարակվել այս հիվանդությամբ, որովհետև հնարավոր է, որ տարբեր բժշկական միջամտությունների, տարբեր կոսմետոլոգիական ծառայությունների մատուցման ընթացքում տեղի ունենա վարակի փոխանցում։ Դրա համար շատ կարևոր է հնարավորինս հաճախ հետազոտվել քրոնիկ վիրուսային հեպատիտների վերաբերյալ։ Ընդ որում, ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ մեր կենտրոնում, բացի հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի անվճար լինելուց, ունենք նաև սկրինինգային ծրագիր, որի շրջանակներում ևս պացիենտները կարող են ամբողջությամբ անվճար հետազոտվել մեր կենտրոնում»,- ասաց Ռիմա Այվազյանը:
Մասնագետի խոսքով՝ արյան սովորական հետազոտության միջոցով հնարավոր չէ ախտորոշել վիրուսային հեպատիտների առկայությունն օրգանիզմում, դրա համար կան հատուկ թեստեր, որոնք Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում հասանելի են քաղաքացիներին:
«Կարևոր է նշել, որ այսօր քրոնիկ վիրուսային հեպատիտը համարվում է լիարժեք բուժելի հիվանդություն, և ներկայիս դեղամիջոցների շնորհիվ մենք կարող ենք մինչև 95 տոկոս հավանականությամբ ամբողջությամբ բուժել քրոնիկ վիրուսային հեպատիտը։ Ներկայիս բուժումը, բացի այն, որ կենտրոնի և նախարարության կողմից տրամադրվում է ամբողջությամբ անվճար, նաև շատ հարմար է պացիենտների համար. օրական մեկ դեղահաբ ընդունելով՝ 12, իսկ ծանր դեպքերում՝ 24 շաբաթ տևողությամբ, մենք կարողանում ենք 95-98 տոկոս հավանականությամբ ամբողջությամբ վերացնել վիրուսային հեպատիտ Ց-ն օրգանիզմից»,- եզրափակեց մասնագետը։
