Տեսանյութ

«Ուիգմոր»-ն ընդլայնում է պոլիկլինիկական ծառայությունների շրջանակը

10 րոպեի ընթերցում

Առողջության առաջնային պահպանման օղակն առողջապահական համակարգի հիմքն է, որն իրականացնում է ոչ միայն բուժական և կանխարգելիչ միջոցառումներ, այլև կարևոր տեղեկատվական ու կրթական գործառույթ։

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի նպատակն է հզորացնել Հայաստանում առողջության պահպանման առաջնային օղակը և զարգացնել բուժսպասարկման նոր մշակույթը։ Այս օղակի բուժհաստատություններում՝ պոլիկլինիկաներում, քաղաքացին առաջին անգամ առնչվում է առողջապահական համակարգի հետ, ուստի շատ կարևոր է, որ այդ փուլում բժշկի ճիշտ աշխատանքի շնորհիվ ձևավորվի մտածողություն, որ սեփական առողջության նկատմամբ ուշադրությունն ու պարբերական հետազոտությունները կենսական նշանակություն ունեն։

Մասնագետների պնդմամբ՝ հենց դա է առողջական խնդիրների առաջացման ռիսկը նվազեցնելու ամենաարդյունավետ ուղին։ 2024 թվականին Երևանում մեկնարկեց  «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը բացելով պոլիկլինիկաներ՝ Կենտրոն, Նոր Նորք, Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջաններում։ Պոլիկլինիկաները առաջնային բուժօգնություն են տրամադրում Երևանաբնակ քաղաքացիներին առանց տարիքային սահմանափակման։

«Ուիգմոր» պոլիկլինիկաներում և՛ երեխաները, և՛ մեծահասակները սպասարկվում են անվճար՝ ստանալով առաջնային բուժօգնություն և օգտվելով կանխարգելիչ ծառայություններից, պատվաստումներից, այդ թվում՝ սքրինինգային հետազոտություններից։

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի մենեջեր  Կարեն Գրիգորյանը, բուժական գծով փոխտնօրեն Լիլիթ Մարությանը և Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը խոսել են պոլիկլինիկաներում իրականացվող բուժական և կանխարգելիչ միջոցառումների մասին՝ ընդգծելով նաև առողջության պահպանման մշակույթի կարևորությունը։

«Շատ ողջունելի է, երբ նկատում ենք, որ մեր առողջապահության նախարարության քաղաքականության մեջ մեծ և կարևոր տեղ է զբաղեցնում առաջնային օղակի զարգացման ընթացքը, ինչից մենք ևս անմասն չենք ու նույնպես կարևորում ենք։ «Ուիգմոր» պոլիկլինիկաների նպատակն է ՀՀ-ում հասանելի դարձնել նոր բժշկական մշակույթը՝ ուղղված կանխարգելիչ առողջապահությանը, առողջ ապրելակերպի խթանմանը, ինչն առաջնային օղակի կարևոր հենասյուներից մեկն է»,- ասաց Գրիգորյանը։ 

Նրա դիտարկմամբ՝ անհամեմատ լավ կլինի, եթե մարդիկ շատ ավելի վստահեն առողջապահության առաջնային օղակի ընտանեկան բժիշկներին։ Գրիգորյանը հավաստիացրեց, որ մասնագետ բժիշկներն ակտիվ ու որակյալ գործունեությամբ նպաստում են իրենց հանդեպ բուժառուների վստահության աճին։ 

«Դա կհանգեցի նրան, որ մարդիկ գոնե տարին մեկ անգամ՝ առանց տարիքային սահմանափակման, այցելեն իրենց ընտանեկան բժշկին, հետազոտվեն ու հետևեն իրենց առողջությանը»,-նշեց Գրիգորյանը։  

Նա հավաստիացրեց, որ «Ուիգմոր» պոլիկլինիկաներում ընդունված է թիմային աշխատանքը, շարունակական մասնագիտական զարգացումը, ինչպես նաև մասնագիտական մոտեցումը՝ կապված յուրաքանչյուր բուժառուի հետ։ «Ուիգմոր» պոլիկլինիկաները առաջնահերթ կարևորում են կանխարգելիչ բժշկությունը՝ նպատակ ունենալով հետազոտությունների միջոցով հիվանդությունները հայտնաբերել վաղ փուլերում և կանխել դրանց հնարավոր բացասական ազդեցությունը մարդու առողջության և կյանքի որակի վրա։ 

«Մեր հիմնական նպատակներից է ունենալ հասանելի, ապացուցահեն, որակյալ առաջնային օղակի բժշկություն Երևանում»,-ասաց Գրիգորյանը։ 

«Ուիգմոր» պոլիկլինիկաներում իրականացվող միջոցառումների շարքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում սքրինինգային հետազոտությունները, որոնց նպատակն է հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև դրանց վաղ հայտնաբերումն ու արդյունավետ բուժումը։  «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի բուժական գծով փոխտնօրեն Լիլիթ Մարությանը նշեց, որ բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մշակվել և իրականացվում են պետական սքրինինգային ծրագրեր։

«Մեր երկրում արդեն գործում է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ, որի շրջանակում իրականացվում են մի շարք անվճար սքրինինգային հետազոտություններ՝ ընդգրկելով բոլոր տարիքային խմբերը։ «Ուիգմոր» պոլիկլինիկաներն իրենց պացիենտներին առաջարկում են կատարել լրացուցիչ անվճար կանխարգելիչ հետազոտություններ՝ հիմնվելով միջազգային փորձի վրա։ Քաղաքացիների տարիքն ու ռիսկային գործոնները հաշվի առնելով՝ ընտանեկան բժիշկը որոշում է, թե ինչպիսի սքրինինգային հետազոտություններ են անհրաժեշտ՝ սկսած պարզ ստուգումներից մինչև ավելի բարդ հետազոտություններ, ինչպիսիք են կրծքագեղձի մամոգրաֆիան, հաստ աղիքի (կոլոնոսկոպիա) և թոքերի քաղցկեղի (համակարգչային շերտագրություն) սքրինինգները և այլն։ Շատերը կարծում են, որ եթե չունեն գանգատներ, ապա բժշկի դիմելու անհրաժեշտություն չկա։ Մյուսները խուսափում են՝ վախենալով, որ կարող է հայտնաբերվել որևէ լուրջ խնդիր, ինչը նրանց կդնի բարդ իրավիճակի առաջ։ Հենց սա է կանխարգելիչ՝ առողջ, առանց գանգատների իրականացվող այցերի հիմնական նպատակը, որը խորհուրդ է տրվում կատարել տարին մեկ անգամ՝ այցելելով ընտանեկան բժշկին»,- նշեց նա։ 

Կանխարգելիչ բժշկության հիմնական նպատակն է պահպանել առողջությունն ու բարեկեցությունը, խթանել առողջ կենսակերպը և նվազեցնել հիվանդությունների առաջացման ռիսկը։ Հանրային առողջապահության ոլորտում առանձնահատուկ դեր ունեն պատվաստումները, որոնք ուժեղացնում են կոլեկտիվ իմունային համակարգը և պաշտպանում վարակիչ հիվանդություններից։ «Ուիգմոր» պոլիկլինիկաներն առաջնորդվում են պատվաստումների ազգային օրացույցով։  «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի Էրեբունի մասնաճյուղի ղեկավար Սոնա Տերմենջյանը նշեց, որ պատվաստումների իրականացումը թույլ է տալիս կառավարել հիվանդությունները։

«Յուրաքանչյուր երկիր ունի պատվաստումների ազգային օրացույց, որի համաձայն՝ տարբեր տարիքային խմբերում կատարվում են մի շարք պատվաստումներ։ Կան մի շարք վարակիչ հիվանդություններ, որոնց հանդեպ «իմունիտետի հիշողությունը» նույնիսկ մեծահասակների մոտ պետք է ժամանակ առ ժամանակ թարմացնել։ Խոսքը վերաբերվում է դիֆտերիայի և փայտացման դեմ կատարող պատվաստումներին, որոնք իրականացվում են տասը տարին մեկ անգամ։ Կարևոր են նաև սեզոնային գրիպի դեմ պատվաստումները, առավել ևս, որ կան ռիսկային խմբեր, որոնց շրջանում պատվաստումները պետք է իրականացվեն առաջնահերթ»,- նշեց Տերմենջյանը։

Անդրադառնալով այն խնդրին, որ շատ ծնողներ խուսափում են իրենց մանկահասակ երեխաներին պատվաստելուց, բժիշկն ընդգծեց, որ պատվաստումները ստեղծում են տվյալ վարակի հանդեպ իմունային համակարգի պաշտպանություն և վարակիչ չեն։

«Օրինակ՝ վեց շաբաթականում 7-8 հիվանդության դեմ միաժամանակյա պատվաստումը բացարձակապես խնդրահարույց չէ։ Ճիշտ հակառակը՝ դա պաշտպանություն է, որովհետև վարակներն առավել վտանգավոր են հենց այդ տարիքում։ Ընդհանրապես, պատվաստումների վերաբերյալ ճիշտ և հիմնավորված քննարկումները՝ ընտանիքում, հասարակության մեջ, ինչպես նաև մեդիայի և բուժաշխատողների մասնակցությամբ, մեծ նշանակություն ունեն։ Եթե կարողանանք գրագետ ձևով ներկայացնել, թե որքան կարևոր են պատվաստումները, որքան արդյունավետ են ու անվտանգ, ապա այդ դեպքում հասարակության մեջ ավելի ճիշտ կարծիք կձևավորվի գործընթացի նկատմամբ»,- նշեց Տերմենջյանը։

Որակյալ մասնագետների առկայությունը բժշկական ոլորտում համարվում է ամենաբարդ, սակայն միևնույն ժամանակ ամենակարևոր գործոններից մեկը։ Այդ պատճառով բուժական գործառույթներին զուգահեռ «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ն առանձնահատուկ կարևորում է հանրային իրազեկումն ու շարունակական կրթությունը՝ նպաստելու առողջ կենսակերպի և մտածելակերպի ձևավորմանը երկրում։ Անմասն չեն նաև բուժառուները, որոնց համար պարբերաբար կազմակերպվում են իրազեկող հանդիպումներ՝ ինչպես առցանց, այնպես էլ օֆլայն ձևաչափով՝ նպաստելու առողջության վերաբերյալ գիտելիքների բարձրացմանը և առողջ ապրելակերպի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանը։

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ը նպատակ ունի առավել զարգացնել առաջնային օղակի՝ ներառյալ սքրինինգների, պատվաստումների և առողջ այցերի մշակույթը, և բուժառուներին ապահովել բարձրորակ բժշկական ծառայություններ և սպասարկում։  «Ուիգմոր» պոլիկլինիկաներին կցագրվելու համար կարող եք այցելել ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել դիմում-հայտն առցանց՝ wigmore.am կայքում։ Պոլիկլինիկաներն աշխատում են նաև շաբաթ օրերին՝ իրականացնելով հերթապահություն և իմունիզացիոն ծառայություն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում