Հայաստան

Մեր հանրության շրջանում պետք է լինի կոնսենսուս, որ խմած վիճակում մեքենա վարող վարորդը պետք է զրկվի վարորդական իրավունքից. Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելու թեմային՝ շեշտելով, որ վերջին տարիներին նաև այդ որոշման արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին ասել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

«Ես շատ լավ հիշում եմ, հուսով եմ՝ դուք էլ եք հիշում, թե ժամանակ առ ժամանակ ինչպիսի քննադատություն էր բարձրանում Կառավարության հասցեին՝ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թվի աճի բերումով։

Եվ վերջին տարիներին մենք շատ կարևոր մի փոփոխություն ենք արձանագրել. ճանապարհատրանսպորտային պատահարների զոհերի թիվը կայուն ձևով նվազում է։ Մասնավորապես, եթե համեմատենք 2023 թվականի հետ, 2024 թվականին նվազումը 45 է, այսինքին՝ 45 զոհով պակաս, իսկ 2025 թվականին՝ 50 զոհով պակաս, և սա այն պայմաններում, երբ ավտոմեքենաների թիվն ամեն օրվա հետ աճում է։

Փաստորեն երկու տարվա արդյունքներով 95 կյանք է խնայվել։ Եվ մենք վերլուծում ենք, թե որոնք են այս փոփոխության պատճառները։ Եվ մեր եզրակացությունը միանշանակ է, որ պատճառներից մեկն ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարող վարորդներին վարորդական իրավունքից զրկելն է։ Պարզ է, որ դա ոչ մեկի համար հեշտ որոշում չէ, նաև ես նամակներ եմ ստանում քաղաքացիներից, որոնք միջնորդում են, որպեսզի վարորդական իրավունքը ժամկետից շուտ վերականգնվի։ Բայց հիմա իմ խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Այո, բազմաթիվ քաղաքացիներ, որոնք խմած վիճակում ավտոմեքենա են վարել, զրկվել են վարորդական իրավունքից, բայց մյուս կողմից այդ որոշումների արդյունքում մենք պայմանական 95 մարդու կյանք փրկել ենք։ Ես գիտեմ, որ կան մարդիկ, որոնք դժգոհ են խմածության բերումով վարորդական իրավունքից զրկված լինելու համար, բայց որևէ մեկը չգիտի, թե 95 պոտենցիալ զոհերի մեջ ով և ում ընտանիքի անդամը կարող էր լինել։ Այնպես որ, ես կարծում եմ, որ մեր հանրության շրջանում պետք է լինի կոնսենսուս, որ խմած վիճակում ավտոմեքենա վարող վարորդները պետք է զրկվեն վարորդական իրավունքից։ Մենք չենք ուզում, որ նրանք զրկվեն վարորդական իրավունքից, մենք ուզում ենք, որ նրանք խմած վիճակում ավտոմեքենա չվարեն, որովհետև էլի եմ ասում՝ ոչ մեկ չգիտի, թե ում կյանքներն են փրկվել այս գործողությունների արդյունքում, վստահաբար՝ նաև վարորդական իրավունքից զրկված վարորդների ընտանիքների անդամների կյանքերը»,- ասել է ՀՀ վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում