1 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 14-ին Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցի պատարագի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Կիրակի օրը, դեկտեմբերի 14-ին, Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Այգեշատ բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում կմասնակցեմ սուրբ և անմահ պատարագի»,-գրել է Փաշինյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում կիրակի օրերին պատարագների է մասնակցում Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Փաշինյանը հայտարարել է, որ այդպիսով սկսում է Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման մեկնարկը։
Օրերս Նիկոլ Փաշինյանը նաև ներկայացրել էր Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման ճանապարհային քարտեզը։ Համաձայն այդ ճանապարհային քարտեզի՝ առաջին քայլը պետք է լինի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հեռացումը, որից հետո պետք է տեղի ունենա կաթողիկոսական տեղապահի ընտրություն՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցում գործող մեխանիզմների տրամաբանությամբ։ Հաջորդ քայլը, ըստ ՀՀ վարչապետի, պետք է լինի Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու կանոնագրքի ընդունումը։