2 րոպեի ընթերցում
Նուբարաշենի աղբավայրում կրակի լեզվակների մարման աշխատանքները շարունակվում են, ավելացվում է դեպքի վայրում աշխատող տեխնիկայի քանակը։ Գիշերվա ընթացքում էլ ինտենսիվորեն կջրվեն Երևանի բոլոր փողոցները՝ մեղմելու փոշու խնդիրը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ աղբավայրից նկարահանած տեսանյութով:
«Գիշերվա ընթացքում մոտ 250 ավտոմեքենայի չափով հող է տեղափոխվել կրակի հատվածներ: Այս պահին ավելացնում ենք նաև տեխնիկան՝ 40-տոննայանոց մեկ ինքնաթափ և 15-20 «Կամազ»-ներ, որոնք պետք է աշխատեն ամբողջ օրն ու ամբողջ գիշեր: Դա մեզ հնարավորություն կտա վերահսկողության տակ պահել կրակը և, ամենայն հավանականությամբ, նաև հնարավորություն կտա մինիմիզացնել օդի որակի խնդիրները»,-ասաց Ավինյանը:
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ օդի որակը քաղաքում բարելավվել է, բայց, քամիների փոփոխությամբ պայմանավորված, կարող է տարբեր ժամերի տարբեր պատկեր լինել:
Այս պահին ամենաինտենսիվ կերպով աշխատում են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները, Փրկարար ծառայությունը:
«Գիշերվա ընթացքում պլանավորում ենք նաև ինտենսիվորեն ջրել բոլոր փողոցները մեր տեխնիկայով: Դրան միանում է նաև Փրկարար ծառայությունը, որպեսզի մեղմենք օդում կուտակվող փոշու հետ կապված խնդիրը: Կարծում եմ՝ վաղը կունենանք արդեն արված այն ծավալի աշխատանք, որը թույլ կտա մեզ Երևանում բավարար օդի որակ ունենալ»,-ասաց քաղաքապետը:
Իրական ժամանակում օդի որակի վերաբերյալ տեղեկություններ կարելի է ստանալ հետևյալ հղմամբ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը ոչ թե պատահականություն է, այլ դիտավորություն, ինչի շուրջ ինքը զրուցել է ՀՀ ԱԱԾ տնօրենի և Ներքին գործերի նախարարի հետ։