Շահագրգռված ենք ջանքեր գործադրել Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու համար. Ավինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դեկտեմբերի 9-ին մասնակցել է Հայ-վրացական իրավական համագործակցության երրորդ ֆորումին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Տիգրան Ավինյանը, հանդիսանալով հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահը, կարևորեց Հայաստանի ու Վրաստանի միջև փոխգործակցության զարգացումը բոլոր ուղղություններով, ինչպես նաև արդարադատության ոլորտում երկու երկրների միջև հաստատված գործընկերային, ջերմ և կառուցողական հարաբերությունները:

«Հարգելի՛ գործընկերներ, Հայաստանի կառավարության համար արդարադատության ոլորտի բարեփոխումներն ունեն առանցքային և հիմնարար նշանակություն։ Դրանք դիտարկվում են որպես կարևոր նախապայման այլ ոլորտային բարեփոխումների իրականացման և արդյունքների գրանցման առումով, հատկապես, եթե դիտարկում ենք ներդրումների ներգրավման և բիզնես-միջավայրի բարելավման ուղղությունը: Այս համատեքստում անկախ, հաշվետու և կոռուպցիայից զերծ դատական համակարգի առկայությունը մեր երկրում ունի կենսական նշանակություն։ Այս կարճ ժամանակահատվածում նշված ուղղությամբ կատարված վճռական քայլերը և կոնկրետ ծրագրերը թույլ են տալիս փաստելու, որ արդարադատության համակարգի նկատմամբ վստահությունը վերականգնելու մեր նպատակը անպայման հաջողության է հասնելու: Կուզենայի նշել, որ մեր երկու կառավարությունների՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների ծրագրերն անցնում են պատմական ընդհանուր ժառանգության, գրեթե նույն մարտահրավերների, ինչպես նաև համընդհանուր գլոբալ միտումների ճանապարհներով։ Հետևաբար, կարծում եմ, որ հայ-վրացական ոլորտային համագործակցությունն ու շփումները երկուստեք հաջողելու լավ բանաձևեր են։ Վստահ եմ, որ արդարադատության ոլորտում հայ-վրացական փոխշահավետ գործընկերությունը հնարավորություն է ընձեռնում բարեփոխումների իրականացման ճանապարհին համատեղ ջանքերով դիմագրավելու նաև ժամանակակից համընդհանուր մարտահրավերներին՝ գտնելով դրանց լուծման գործուն ուղիներ, համագործակցելով միջազգային և բազմակողմ ձևաչափերում: Այս համագործակցությունը օրինակելի կարող է լինել մյուս ոլորտների համար ևս»,- ընդգծեց Ավինյանը:

ՀՀ փոխվարչապետը շեշտեց, որ Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական և արդյունավետ զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքում է:

«Հայաստանի կառավարությունը շահագրգռված է գործադրելու հնարավոր ջանքերը Վրաստանի հետ փոխգործակցությանը նոր որակ հաղորդելու ուղղությամբ: Այս համատեքստում մեծապես արժևորում եմ մեր երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև համակողմանի կապերի հաստատումը, որը հնարավորություն կընձեռի ապահովել օրենքի գերակայությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունը, անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Համոզված եմ, որ Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար տիկին Ծուլուկիանիի այցի ընթացքում կուրվագծվեն համագործակցության նոր ուղղություններ՝ ի շահ և ի բարօրություն երկու պետությունների և ժողովուրդների»,- եզրափակեց Ավինյանը:

Հայերեն English Русский

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա