Քաղաքականություն

ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն ՀՀ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծին

2 րոպեի ընթերցում

ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ կքվեարկեն ՀՀ 2020թ. բյուջեի մասին օրենքի նախագծին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները դեմ կքվեարկեն «ՀՀ 2020թ. բյուջեի մասին» օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովում վերսկսված օրենքի նախագծի քննարկման ավարտին հայտարարեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանն ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը:

Դեկտեմբերի 5-ին խորհրդարանում ընթացող քննարկմանը ներկա էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները:

«Հայաստանում 2020-ին բյուջեի նախագծով նախատեսվում է ունենալ 4.9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, ինչը թույլ կտա ունենալ կառավարելի ռիսկեր: Հարկային եկամուտները հաջորդ տարի կլինեն 0.3 տոկոսով ավելի: 2020-ին հարկային եկամուտների մասով կանխատեսվում է 1 տրլն 602 մլն դրամի չափ մուտք, որը 0.3 տոկոսային կետով բարելավում է: Եվ ըստ էության այս տարի սպասվող 1 տրլն 464 մլրդ դրամ հարկային եկամուտների փոխարեն ակնկալվում է, որ եկող տարի կունենանք ավելի բարձր հարկային եկամուտներ: Ընթացիկ ծախսերը ենթադրվում է, որ մի փոքր կնվազեն այս տարվա սպասվող մեծության համեմատությամբ: Սպասվում է, որ այս տարվա 21.7 տոկոս ընթացիկ ծախսեր-ՀՆԱ հարաբերակցության փոխարեն կլինի 21.5 տոկոս: Ենթադրվում է, որ 2020-ին կունենանք պակասուրդի 2.6 տոկոս ցուցանիշ»,- բյուջեի նախագծի ներկայացման ընթացքում նշել էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ այս բյուջեն հեղափոխական չէ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բյուջեն հեղափոխական է:

ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստերում բյուջեի քննարկումը մեկնարկել է նոյեմբերի 13-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում