Մշակույթ

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը փոքրիկներին ներկայացվեց մուլտֆիլմով

2 րոպեի ընթերցում

Հովհաննես Թումանյանի կյանքն ու գործունեությունը փոքրիկներին ներկայացվեց մուլտֆիլմով

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեխաների համար Հովհաննես Թումանյանի կերպարն ամբողջացնելու, նրա անցած կյանքն ավելի մատչելի ներկայացնելու նպատակով Թումանյանի թանգարանի նախաձեռնությամբ ստեղծվել է գրողի մասին պատմող մուլտիպլիկացիոն կինոնկար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոքրիկներն այն դիտելու հնարավորություն ունեցան նոյեմբերի 21-ին մեծ գրողի թանգարանում:

«Որպեսզի Հովհաննես Թումանյանի կյանքը երեխաներին բարդ չթվա, որոշեցինք մուլտֆիլմի միջոցով ներկայացնել մեծ գրողին: Մեր հիմնական նպատակը մատաղ սերնդին Թումանյանին ավելի մոտ դարձնելն է»,-ասաց թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը:

Նա տեղեկացրեց, որ գաղափարի հեղինակը թանգարանի նախկին տնօրեն Նարինե Խաչատուրյանն է, իսկ մուլտֆիլմը կյանքի է կոչել Interactive world երիտասարդ անիմատորների խումբը:

Երեխաները մեծ հետաքրքրությամբ դիտեցին մուլտիպլիկացիոն կինոնկարը, որում նրանց հասանելի լեզվով ներկայացվում են գրողի հետ կապված ինչպես լուրջ, այնպես էլ զավեշտալի դեպքերը:

Երկրորդ դասարանի աշակերտ Ալիկ Վարդանյանն ասաց, որ իր համար բացահայտում էր այն, որ Թումանյանը մի անգամ խաղացել է թատրոնում: «Ինձ շատ դուր եկավ այս մուլտը: Ասեմ, որ շատ եմ սիրում Թումանյանի հեքիաթները»,-խոստովանեց նա:

Գրողի 150-ամյակի կապակցությամբ ստեղծված մուլտֆիլմը շուտով կլինի նաև արևմտահայերենով և անգլերենով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում