Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել Նեապոլն ու Երաևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը
2 րոպեի ընթերցում
![Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել Նեապոլն ու Երաևանը քույր քաղաքներ դարձնելու առաջարկը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/10/993740.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանըհոկտեմբերի 30-ին հանդիպել է Նեապոլի քաղաքապետ Լուջի Դե Մաջիստրիսի հետ: Կողմերը քննարկել են Նեապոլն ու Երեւանը քույր քաղաքներ դարձնելու գաղափարը: Նեապոլի քաղաքապետը ոգեւորությամբ է ընդունել այս առաջարկը: Արարատ Միրզոյանի խնդրանքով Լուջի Դե Մաջիստրիսը պատմել է Նեապոլի առջեւ ծառացած խնդիրների, մարտահրավերների եւ դրանց լուծումների մասին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահը նույն օրը հանդիպել է նաեւ Նեապոլի պրեֆեկտ Կարմելա Պագանոյի հետ: Վերջինս Արարատ Միրզոյանի խնդրանքով ներկայացրել է Իտալիայի տարածքային կառավարման առանձնահատկությունները եւ ենթակառուցվածքները, ինչպես նաեւ պատմել է սոցիալական խնդիրներին արդյունավետ լուծումներ տալու մեխանիզմները Իտալիայի պրեֆեկտուրաների միջոցով:
Պաշտոնական այցի շրջանակում Արարատ Միրզոյանը հանդիպել է նաեւ Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Կրեշենցո Սեպեի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել կարդինալին` հայկական հետքն ու մեր համատեղ հոգեւոր ժառանգությունը Իտալիայում, հատկապես Նեապոլում հրաշալի պահպանելու համար: Կարդինալ Սեպեն, բարձր գնահատելով երկու ժողովուրդների միջեւ մշակութային եւ հոգեւոր կապերը, պատմել է Նեապոլում հայկական հետքի մասին։