Հասարակական

Ջրային կոմիտեն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակության հուշագիր են ստորագրել

3 րոպեի ընթերցում

Ջրային կոմիտեն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համագործակության հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ագրարային համալսարան Ջրային կոմիտեն և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը տասնամյակների գործակցության ավանդույթ են ձևավորել, որը զարգացնելու, նոր հիմքի վրա դնելու նպատակով հոկտեմբերի 24-ին երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր է կնքվել։ Այն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանն ու համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնից։

«Ջրային կոմիտեի ղեկավարը փաստել է. «ՀԱԱՀ-ը մեր երկրի կարևոր բուհերից է, և եթե հաշվի առնենք փաստը, որ Հայաստանի ՀՆԱ-ի ավելի քան 16 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, ապա, ակնհայտ է, որ Ագրարայինը կարևոր անելիք ունի տնտեսության զարգացման գործում։ Մասնավորապես, ջրային տնտեսությունում մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում բախվում ենք մասնագետների պակասին. հատկապես մարզերում այս խնդիրն ավելի սուր է և այն լուծելու համար նույնպես կարևոր է մեր համագործակցությունը։ Կարևոր է, որ համալսարանն իր գիտահետազոտական ռեսուրսներով աջակցի ոլորտի հիմնախնդիրների լուծմանը։ Օրինակ, գիտենք բոլորս, թե ինչքան մեծ են ջրի կորուստները, կամ գերնորմատիվային հողերի խնդիրը, որոնց ոռոգման համար տարեկան 1 մլրդ դրամից ավելի արժեքով ջրապահանջարկ է ձևավորվում»։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը ևս ողջունել է երկու կառույցների համագործակցությունը և անդրադարձել որոշակի ուղղությունների։ Ըստ բուհի ղեկավարի՝ «այժմ արդեն չենք սահմանափակվի միայն ուսանողների՝ մասնագիտացած կառույցներում անցկացվող պրակտիկաներով, այլև Ջրային կոմիտեի հետ կկազմակերպենք կարճաժամկետ դասընթացներ, վերապատրաստման հնարավորություն կընձեռվի մասնագետներին, քայլեր կարվեն մարզերը մասնագետներով ապահովելու ուղղությամբ, ինչպես նաև գիտահետազոտական լուրջ աշխատանք կիրականացվի առկա ներուժով։ Այժմ մենք աշխատում ենք նաև թվային լաբորատորիաներ ստեղծելու ուղղությամբ, ուզում ենք նաև ջրային և հողային ռեսուրսների կառավարման կենտրոն ստեղծել»։

Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սամսոն Զատիկյանն էլ վստահեցրել է՝ կառույցը կաջակցի բուհական բոլոր նախաձեռնություններին և համատեղ ուժերով իսկապես գործակցության նոր աստիճան կապահովեն։ Արդեն իսկ կոմիտեի աշխատակազմում կարևոր տեղ ու դիրք են զբաղեցնում ագրարային բուհի շրջանավարտները։

Հետազոտական աշխատանքներ, նորարար գաղափարներ ու ավանդական խնդիրների նոր լուծումներ, գործնական քայլեր. սրանք են լինելու արդյունավետ գործակցության ուղղությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում