Իրավունք

Քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր խարդախության դեպքեր. վեց տուժողների վնասը շուրջ 71 մլն դրամ է

4 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեն բացահայտել է առանձնապես խոշոր խարդախության դեպքեր. վեց տուժողների վնասը շուրջ 71 մլն դրամ է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում բացահայտվել են քաղաքացիներից խարդախությամբ գույքի հափշտակության դեպքեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  2023թ. ընթացքում տարբեր անձանցից հաղորդումներ են ստացվել, որ իրենց պատկանող գույքը խարդախությամբ հափշտակվել է։ Հաղորդումների հիման վրա Քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում նախաձեռնվել են քրեական վարույթներ:

«Որոշում է կայացվել նշված քրեական վարույթները, ամբողջական և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, մեկ վարույթում միացնելու և նախաքննությունը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում կատարելու վերաբերյալ: 

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել այն մասին, որ Լոռու մարզում հաշվառված 41-ամյա տղամարդը՝ Վ․Մինասյանը, նպատակ ունենալով տիրանալ ուրիշի գույքին, նախ ամենայն մանրամասնություններով ուսումնասիրել է իր զոհերին, տվյալներ հավաքագրել նրանց ունեցվածքի և իր նպատակներն իրագործելու համար կարևոր նշանակություն ունեցող այլ հանգամանքների մասին:

 Այնուհետև, իր նպատակին հասնելու համար, նա ստել է, թե տարբեր ոլորտներում, իշխանության կազմում, իբր, ծանոթներ և անհրաժեշտ կապեր ունի, որոնք կարող է օգտագործել՝ տարաբնույթ խնդիրներ լուծելու համար։ Այդ կերպ տարբեր անձանց տվել է խոստումներ, շահել է նրանց վստահությունը, և տարբեր ֆինանսական գործարքներ իրականացնելու, տարբեր ծառայություններ կատարելու, նրանց համար անշարժ և շարժական գույքեր գնելու նպատակով կամ որպես պարտք, տուժողներից վերցրել է տարբեր չափերի գումարներ, սակայն չի կատարել խոստացած գործողությունները՝ խաբեության եղանակով հափշտակելով քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գույքը: 

Վարույթի շրջանակներում 6 անձ ճանաչվել է տուժող: Վերջիններիս պատճառված վնասի ընդհանուր չափը, քննության տվյալներով, կազմում է շուրջ 71 մլն  ՀՀ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Ըստ աղբյուրի՝ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Վ․Մինասյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ): 

Որպես խափանման միջոց, դատարանի որոշմամբ, վերջինիս նկատմամբ ընտրվել է տնային կալանքը:

Նշվում է, որ նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու, նշված անձի կողմից տուժած այլ անձանց հայտնաբերու ուղղությամբ:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ 41-ամյա նշված տղամարդը այլ քրեական վարույթներով ունի ամբաստանյալի դատավարական կարգավիճակ, և նշված վարույթներն այժմ դատաքննության փուլում են:

ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է բոլոր այն անձանց, ովքեր կարող են տուժած լինել Վ․Մինասյանի գործողություններից, դիմեն ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժին։ 

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում