Մարզեր

Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

2 րոպեի ընթերցում

Աշնանը Գեղարքունիքի մարզում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և ՀՀ Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն անցկացրել են Հայաստանի Հանրապետությունում 2024 թվականին իրականացվող գյուղատնտեսական համատարած հաշվառման նախապատրաստման և անցկացման մարզային հանձնաժողովի նիստ։

Հանդիպմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանը, մարզի համայնքների ղեկավարներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վիճակագրական կոմիտեի պատասխանատու աշխատակիցներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գեղարքունիքի մարզպետարանի տարածած հաղորդագրությունից, վիճակագրական կոմիտեի նախագահն ըստ սահմանված օրակարգի, ներկայացրել է 2024 թվականի հոկտեմբերի 11-31-ն անցկացվելիք գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակը, կարևորությունը և առանձնահատկությունները: 

Խոսվել է նաև մարզային հանձնաժողովի և համայնքապետարանների կողմից ակնկալվող նախապատրաստական աշխատանքներին ու հաշվառման գործընթացին ցուցաբերվելիք օժանդակությանը վերաբերող հարցերի շուրջ:

Ծրագիրը կնպաստի գյուղատնտեսության ոլորտի ամբողջական բարելավմանը՝ ոլորտը դարձնելով միջազգային չափորոշիչներին համապատասխան։ 

Մարզպետ Կարեն Սարգսյանը կարևորել է ծրագրի իրականացումը և հավաստիացրել, որ գործընթացը մարզում կկազմակերպվի ամենայն պատասխանատվությամբ և պատշաճ մակարդակով։ 

ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանն իր երախտագիտությունն է հայտնել Գեղարքունիքի մարզպետին և գյուղատնտեսական համատարած հաշվառման մարզային հանձնաժողովին՝ նման ընդգրկուն միջոցառման կազմակերպման և անցկացման հարցում մեծ պատրաստակամություն ցուցաբերելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում