Իրավունք

Ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպքով ՍՊԸ տնօրենին մեղադրանք է ներկայացվել. պատճառված վնասից 10 մլն ՀՀ դրամը վերականգնվել է

4 րոպեի ընթերցում

Ապօրինի հանքարդյունահանմամբ զբաղվելու դեպքով ՍՊԸ տնօրենին   մեղադրանք է ներկայացվել. պատճառված վնասից 10 մլն ՀՀ դրամը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՍՊ ընկերության տնօրենը, իր գործունեության ընթացքում՝ 2023թ. դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածում, ընդերքի պահպանման և օգտագործման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները խախտելով, դուրս գալով իրեն հատկացված սահմաններից, իրականացրել է ապօրինի հանքարդյունաբերական աշխատանքներ, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի վնասում՝ հանգեցնելով օգտակար հանածոյի մեծածավալ կորստի:

«Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում, Մասիս համայնքի տարածքում` Հրազդան գետի ավազանում, ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված, թույլտվությամբ տրամադրված սահմաններից դուրս օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվելու իրավունք չունենալով, որոշակի աշխարհագրական սահմանանշում պարունակող ընդերքի տեղամասում շեղվել է ընկերությանը տրամադրված թույլտվությամբ նախատեսված սահմանային կետերի կոորդինատներից և թույլ տալով նույն օրենքով նախատեսված իրավունքի խախտում՝ դուրս է եկել լեռնահատկացման ակտով տրամադրված սահմաններից։

Այնուհետև՝ ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված պահանջների անտեսմամբ, այն է` առանց ընդերքօգտագործման իրավունքի, մեկ միասնական դիտավորությամբ, նույն համայնքի տարածքում գտնվող, գործառնական և նպատակային նշանակությունները չփոփոխված՝ ջրային և գյուղատնտեսական, արոտավայր և վարելահող նպատակային և գործառնական նշանակության հողատարածքներում հանքարդյունահանման աշխատանքներ կատարելու իրավունք չունենալով, ընդերքն օգտագործելու եղանակով, արդյունահանել է պետական սեփականություն համարվող ընդերքի մասին ՀՀ օրենքով նախատեսված և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված վճարման ենթակա 18.729.236 ՀՀ դրամի չափով բնօգտագործման վճար առաջացնող 18.353մ ծավալով ավազակոպիճ՝ միաժամանակ չվճարելով 500.000 ՀՀ դրամի չափով պետական տուրքը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ընկերության գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային՝ ընդհանուրը 19.229.236 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, ընկերության հակաօրինական գործունեության հետևանքով դեգրադացիայի է ենթարկվել ընդհանուրը 7242մ2 մակերեսով գյուղատնտեսական, վարելահողի նպատակային և գործառնական նշանակությամբ հողատարածքները, ինչի հետևանքով տեղի է ունեցել հողի բերրի շերտի ոչնչացում և վնասում։ 

Դրա հետևանքով նշված հողային ռեսուրսներին և պետության օրինական շահերին պատճառվել է խոշոր չափերի՝ ընդհանուրը 1.768.370 ՀՀ դրամի գույքային վնաս:

Շրջանցելով ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված պահանջները, այսինքն առանց լիցենզիայի ընդերքն օգտագործելով և անտեսելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի դրույթները, ընկերության տնօրենը չի վճարել գանձման ենթակա 5.000.000 ՀՀ դրամի չափով տուգանքը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 381-րդ հոդվածի 1-ին մասով և 383-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում ՍՊԸ-ի տնօրենի կողմից մասնակի՝ 10.000.000 ՀՀ դրամի չափով վերականգնվել է պատճառված վնասը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում