Մշակույթ

ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Արագածոտնի մարզի վերականգնվող հուշարձաններ

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարն այցելել է Արագածոտնի մարզի վերականգնվող հուշարձաններ

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետները շրջայց են կատարել ՀՀ Արագածոտնի մարզի «Ագարակ» պատմամշակութային արգելոցում և Փարպիի Ծիրանավոր եկեղեցում: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այցի նպատակն էր ընթացիկ տարում նախատեսվող ծրագրերի շրջանակում ծանոթանալ հուշարձանների ներկա վիճակին, քննարկել նորոգման և վերականգնման աշխատանքների վերահսկողությանն առնչվող խնդիրները:

«Ագարակ» պատմամշակութային արգելոցում 2024 թ․ ամրակայվում և նորոգվում են դեռևս տասնյակ տարիներ առաջ պեղումներից հայտնաբերված միջնադարյան կառույցների մնացորդներն ու պատերը։ Աշխատանքները կշարունակվեն ևս 2 տարի, ամրակայված հատվածները կառնվեն ծածկի տակ։ Հեղինակային հսկողությունը իրականացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը։ Արձանագրվել է, որ նախորդ շրջայցից հետո շտկվել են շաղախի գույնի, լրացվող քարերի հետ կապված խնդիրները։ 

Նախարարի տեղակալի այցելած հաջորդ հուշարձանը 5-րդ դարով թվագրվող Փարպիի Ծիրանավոր եկեղեցին էր: Աշխատանքներն այստեղ սկսվել են 2023 թ․, ավարտը նախատեսված է 2025 թվականին։ Մաքրվել է ամրոցի վերածված եկեղեցու տանիքը, վերականգնման աշխատանքներ են իրականացվել պատերի փլուզված հատվածներում, հատուկ բաղադրությամբ շաղախով՝ Իտալիայից ներկրված նյութերով ներարկումներ են կատարվել պատերի մեջ։ 

Երկու հուշարձաններում էլ նախարարության փորձագետները ներկայացրել են իրենց դիտարկումները, տրվել են հանձնարարականներ շտկումների վերաբերյալ։ Ընդհանուր առմամբ կատարված աշխատանքը գնահատվել է բավարար։  

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում