Հասարակական

Իրական առաջնորդ լինելու համար կարևոր է, որ մարդ ճանաչի ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

 Իրական առաջնորդ լինելու համար կարևոր է, որ մարդ ճանաչի ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովի շրջանակում պատասխանել է Ստեփանավանից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանի՝ «առաջնորդ ծնվո՞ւմ են, թե դառնում» հարցին:

«Յուրաքանչյուր մարդ էլ առաջնորդ է, քանի որ ամեն պահի ինքն իրեն է առաջնորդում: Ամեն մարդ ինքն է իր համար որոշում, թե ինչ է պետք անել, առավոտյան արթնանա՝ ուր գնա, բացի այն դեպքերից, երբ պայմանավորվածություններ ունի: Սովորաբար առաջնորդ ասելիս, մարդիկ հասկանում են քաղաքական կամ ղեկավար պաշտոն զբաղեցնող առաջնորդ, բայց կան առաջնորդներ կրթության, գիտության, շրջակա միջավայրը մաքուր պահելու ոլորտներում: Քաղաքական առաջնորդությունը պայմանականություն է: Իրական առաջնորդ լինելու համար ամենակարևորն է, որ մարդ ճանաչի ինքն իրեն: Համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, այլ խնդիր է, թե մենք որքանով ենք պայմաններ ստեղծում, որպեսզի քաղաքացին բացահայտի իր տաղանդները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ մարդու ամենամեծ տաղանդը՝ ինքն իրեն ճանաչել ու սեփական անձն առաջնորդել կարողանալն է:

Երևանում հոկտեմբերի 21-ին մեկնարկել է «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցի ամենամյա համաժողովը, որն ավարտվելու է հոկտեմբերի 23-ին: Համաժողովը հյուրընկալել են «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցը և միավորել այդ ցանցի համայնքի ավելի քան 450 անդամի: Համաժողովի հիմնական նպատակն է՝ նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում