Հասարակական

Երևանում կանցկացվի Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

Երևանում կանցկացվի Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հնդկաստանի դեսպանությունը և Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության նախարարության հիմնած Դեղերի արտահանումը խթանող խորհուրդը (PHARMEXCIL-Pharmaceuticals Export Promoution Council) նոյեմբերի 10-13-ը Երևանում կանցկացնեն «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանությունից, համաժողով-ցուցահանդեսին կներկայացվեն Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները, կկայանան B2B ձևաչափի հանդիպումներ ոլորտի հնդկական առաջատար 23 ընկերությունների և հայկական ընկերությունների միջև։

«Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ի բացմանը ողջույնի խոսքով հանդես կգա Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Ն.Գ. Կիշան Դան Դևալը (Kishan Dan Dewal)։ Հնդկաստանի դեղագործության ոլորտը կներկայացնի PHARMEXCIL-ի ավագ տնօրեն Աբհայ Սինհան (Abhay Sinha)։

Հնդկաստանը ջեներիկ դեղամիջոցների խոշորագույն մատակարարն է աշխարհում, զբաղեցնելով համաշխարհային մատակարարումների ծավալի 20%-ը: Երկիրն ունի 3000 դեղագործական ընկերություն, որոնց հզոր ցանցը ունի ավելի քան 10,500 արտադրական օբյեկտ: Արտադրության արժեքը Հնդկաստանում կազմում է ԱՄՆ-ի արժեքի գրեթե մեկ երրորդը, իսկ Եվրոպայում՝ գրեթե կեսը:

Հնդկաստանը 60 000 ջեներիկ ապրանքանիշի աղբյուր է 60 բուժական կատեգորիաների մեջ և արտադրում է ավելի քան 500 տարբեր Ակտիվ դեղագործական բաղադրիչներ (API): Ջեներիկ դեղերի արտահանումը Հնդկաստանի ուժեղ կողմերից է: 2017-18-ին դեղագործական արտադրանքի արտահանումը կազմել է 17.27 մլրդ դոլար:

Նախատեսվում է, որ հնդկական դեղագործական շուկան մինչև 2020 թվականը կհասնի 55 միլիարդ դոլարի:

PHARMEXCIL-ի պատվիրակության առաջին այցը Հայաստան կայացել է 2011թ. մարտին։ Այցի շրջանակներում կազմակերպված համաժողով-ցուցահանդեսի արդյունքներով հնդկական դեղ արտադրող և հայկական ներմուծող և դեղատնային գործունեություն ծավալող ընկերությունների միջև կնքվել են բազմաթիվ պայմանագրեր, ինչի շնորհիվ զգալիորեն մեծացել է Հայաստան հնդկական առաջատար դեղագործական ընկերությունների արտադրանքի ներմուծման ծավալը։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում