Քաղաքականություն

Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը. Արամ Մանուկյան

2 րոպեի ընթերցում

Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը. Արամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ազգային կոնգրես կուսակցության անդամ Արամ Մանուկյանի կարծիքով՝ կուսակցությունները, քաղաքական ուժերը ժողովրդին պետք է ներկայացնեն երկրի զարգացման իրենց մոդելը, և քաղաքացիները պետք է ընտրեն ոչ թե մարդուն, այլ գաղափարը, ծրագիրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանուկյանը նման տեսակետ հայտնեց «Կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, առկա խնդիրները եւ փոփոխությունների շրջանակը» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Քաղաքացուն պետք է ազատագրենք ֆինանսի ու վարչականի ազդեցությունից: Ընտրություններում մեծ մաս է կազմում մարդկային շփումը, ֆինանսական շփումը, բարեգործությունը, նվեր տալը և վարչական ճնշումը: Եվ առկա սոցիալական պայմաններում լծակները գործուն մեխանիզմներ ու միջոցներ են դառնում: Մեր քննարկումների արդյունքը պետք է լինի քաղաքացուն ազատագրել այդ ճնշումներից, հնարավորություն տալ ընտրել գաղափարներ, ծրագրեր, ռազմավարություններ: Պետք է ստեղծել համակարգ, որտեղ քաղաքացին ազատ է: Քաղաքացուն պետք է սովորեցնենք ընտրել ոչ թե մարդուն, այլ ծրագիրը, սեփական երկրի զարգացման մոդելը»,-ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով՝ Հայաստանում շատ քիչ քաղաքական ուժեր կան, որ խոսում են այս մասին, երկրի զարգացման մոդելներ ներկայացնողները շատ քիչ են: Մանուկյանը շեշտեց՝ սա պետք է լինի քաղաքական խնդիր:

Մանուկյանի կարծիքով՝ հեղափոխությունը կիսատ կմնա, եթե առաջիկա ընտրությունները չանցկացվեն լրիվ համամասնական համակարգով: «Այն հնարավորինս զերծ կպահի նշածս խնդիրներից, և քաղաքացու համար կապահովի ազատ ընտրություններ»,-ասաց Մանուկյանն ու ԱԺ-ին հանձնեց կուսակցությունների մասին օրենքի վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկները:

Նա նշեց, որ քննարկումներին ՀԱԿ-ը պետք է իր ակտիվ մասնակցությունը ունենա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում