Մշակույթ

Գյումրիում  կայացավ «Իմ խաչը»  ֆիլմի առաջնախաղը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում  կայացավ «Իմ խաչը»  ֆիլմի առաջնախաղը

ԳՅՈՒՄՐԻ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում հոկտեմբերի 5-ին կայացավ Շավարշ Վարդանյանի «Իմ խաչը» ֆիլմի առաջնախաղը: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը ներկա էր ֆիլմի ստեղծագործական կազմը:

Ներկայացնելով կինոնախագիծը, ստեղծագործական կազմը նշեց, որ այն կյանքի է կոչվել մի քանի երկրի տարբեր կազմակերպությունների՝ այդ թվում՝ մոսկովյան «APcinema», «Ռակուրս» ընկերությունների, Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ: Ֆիլմի հիմքում իրական պատմություններ են, իրական հերոսներ, որոնք, անկախ իրենց կամքից, հայտնվում են ղարաբաղյան պատերազմի կիզակետում, որտեղ կռիվը դառնում է իրենց խաչը՝ հանուն պատմական արդարության:

Ֆիլմը սիրո և հավատի, նվիրվածության, մարդկային խղճի ու առաքինության, ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրական պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմը, ներկայացնում է 1991-1992 թվականներին ղարաբաղյան պատերազմում զենք վերցրած և ազատագրական պայքար մղած հայ մարդու հերոսական սխրանքները: Հենց այստեղ են միահյուսվում ֆիլմի գլխավոր հերոսներ՝ ֆրանսիացի բժիշկ Ժակի և արցախցի Սոնայի պատմությունները:

Ֆիլմում նկարահանվել են Նարինե Գրիգորյանը, Սարգիս Գրիգորյանը, Երո Մուրյանը, Շանթ Հովհաննիսյանը, Ալեքսանդր Խաչատրյանը, Հովհաննես Հովհաննիսյան և այլք: Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Շավարշ Վարդանյանն է, երաժշտությունը հեղինակել է Հայկոն, իսկ ֆիլմի պրոդյուսերներն են Հրաչյա Մեսրոպյանը և Վալերի Սահարյանը։ Ֆիլմի նկարահանումները մեկնարկել էին դեռ 2014 թվականին:

Ֆիլմի հիմքում Շավարշ Վարդանյանի վավերագրական կադրերն են։ Այս մասին ցուցադրությունից հետո խոսելով այդ կադրերի մասին՝ «Արմենպրես»-ին տեղեկացրեց ռեժիսոր Շավարշ Վարդանյանը: «Ես մասնակցել եմ ղարաբաղյան պետերազմին հենց առաջին իսկ օրերից, եղել եմ լրագրող, օպերատոր և մոտ 1200 ժամ արխիվային նյութեր ունեմ նկարահանած: Սցենարը գրել եմ դեռ 15 տարի առաջ. այն սցենարիստներ Էդուարդ Խալդի, Արմեն Վաթյանի և Արսեն Դանիելյանի համատեղ ջանքերով դարձավ գեղարվեստական կինոսցենար: Երկար ժամանակ չկար հնարավորություն ֆիլմը կյանքի կոչելու»,- նշեց Շավարշ Վարդանյանը:

Գյումրեցի հանդիսատեսը ֆիլմը ընդունեց հոտընկայս ծափերով:

Արմենուհի Մխոյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում