Պաշտոնական

Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով և նշել:

«Մեծարգո՛ պարոն դեսպան,

Տիկնայք և պարոնայք

Հարգելի բարեկամներ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։

Այս կարևոր իրադարձությամբ սկիզբ դրվեց միավորված Գերմանիայի զարգացմանը և հզորացմանը՝ ճանապարհ հարթելով հետագայում միջազգային ասպարեզում երկրի ծանրակշիռ դերակատարության և հեղինակության բարձրացմանը, ինչպես նաև Գերմանիայի բարեկամ ժողովրդի բարգավաճմանը:

Այսօր իր ժողովրդավարական արժեհամակարգով, տնտեսական և սոցիալական զարգացվածությամբ Գերմանիան մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի համար, հանդիսանում է պետականաշինության օրինակելի մոդել և վստահելի գործընկեր:

Մենք հաստատել ենք արդյունավետ համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գրեթե բոլոր ոլորտներում։

Հայ-գերմանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում քաղաքական, տնտեսական, միջխորհրդարանական, գիտակրթական և մշակութային բնագավառներում։ Գերմանիան Հայաստանի սոցիալ-տնտեսական և ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընդլայնմանը հաստատակամ աջակցություն ցուցաբերող երկրներից է։

Այսուհանդերձ, կարծում եմ՝ մեր մեծագույն ձեռբերումը մեր ժողովուրդների միջև բարեկամությունն է, ինչն էլ իր հերթին ամուր հիմքեր է ստեղծել մեր միջպետական հարաբերությունների համար. հարաբերություններ, որոնք խարսխված են փոխադարձ հարգանքի և վստահության վրա։

Հավատացած եմ, որ համատեղ ուժերով կշարունակենք նպաստել հայ-գերմանական օրակարգի հետագա ընդլայնմանն ու խորացմանը՝ ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության։

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Գերմանիային և Գերմանիայի բարեկամ ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում