Պաշտոնական

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին

2 րոպեի ընթերցում

ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով կոնգրեսականին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել նրան՝ հերթական անգամ Հայաստան եւ Արցախ այցելելու իր հրավերն ընդունելու համար: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ երախտագիտությամբ է վերաբերում Միացյալ Նահանգներում Փալոունի կողմից գործադրվող ջանքերին՝ արդարացի դիրքորոշում պահպանելու համար՝ ընդգծելով, որ այս տարիների ընթացքում հայանպաստ դիրքորոշումները ամրապնդելու առումով կոնգրեսականի ջանքերն անգնահատելի են: ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հավատարիմ են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային գործընթացին եւ խաղաղ բանակցություններին այլընտրանք չեն տեսնում: Նա կարեւոր է համարել, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո ընթացող ժողովրդավարական փոփոխություններն աջակցություն են գտնում Միացյալ Նահանգներում եւ այս համատեքստում են դիտարկվում Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին քննարկումները Ներկայացուցիչների պալատում եւ Սենատում:

Ֆրենկ Փալոունը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին՝ հրավերի համար եւ անդրադարձել այս օրերին ունեցած իր քննարկումներին, որոնք թույլ են տվել ամբողջական կարծիք կազմել հայ-ամերիկյան օրակարգում առկա առաջնահերթությունների մասին:

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում տեղի ունեցող ոլորտային բարեփոխումների եւ Միացյալ Նահանգների կողմից դրանց կյանքի կոչմանն ուղղված քայլերի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում