Քաղաքականություն

Դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը Վանեցյանի հայտարարության մասին

2 րոպեի ընթերցում

Դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը Վանեցյանի հայտարարության մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է՝ այն, որ Արթուր Վանեցյանը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է արել իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվի նկատմամբ, չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանը նման տեսակետ հայտնեց Լոս Անջելեսում` պատասխանելով լրագրողի հարցին:

Լրագրողը նկատեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից Վանեցյանի հրաժարականի հայտարարությունը սոցցանցերում տարածվել էր դեռևս այն ժամանակ, երբ նա դեռ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Դրան հաջորդեց վարչապետի խոսնակի հայտարարությունն այն մասին, թե որտեղ և ով է գրել հրաժարականի տեքստը: «Դուք հայտարարել էիք, որ կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ պետք է հաղորդենք: Կարող ենք արդյոք ենթադրել, որ ԱԱԾ նախկին տնօրենը խոչընդոտում էր այդ պայքարին»,-հետաքրքրվեց լրագրողը:

«Վանեցյանն իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին: Եվ այն, որ ինքը, դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում ըստ էության իր գերագույն հրամանատարի դեմ, և լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար, հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք չէ, թե դա ինչ է նշանակում: Հետո եմ իմացել, որ այդ նյութը տեղադրվել է ԱԱԾ-ի կայքում: Ինձ թվացել էր, թե այդ ժամանակ հրամանագիրը ստորագրվել էր, նույնիսկ եթե հրամանագրի ստորագրումից հետո լիներ, հարցեր են առաջացնում: Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը»,-ասաց վարչապետը:

Նա շեշտեց` նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չէ, և ՀՀ-ն այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ: Փաշինյանը դա անարգանք համարեց ՀՀ զինված ուժերի նկատմամբ: Նա շեշտեց` շատ ուրախ է, որ ՀՀ հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում