ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևանի թերակղզու տարածքում առաջին անգամ կանցկացվի «Էկո Ֆիշ Ֆեսթ» ձկան փառատոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 2-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Փառատոնը էկոլոգիական շեշտադրումներ ունի, այդ պատճառով այն անվանել ենք «Էկո Ֆիշ Ֆեսթ»: Այլ փառատոններից տարբերվում է նրանով, որ մենք այն սկսում ենք Սևանա լճի ամբողջ շրջակայքը մաքրելու գործընթացով: Այսինքն`մենք մեծ շաբաթօրյակով ենք սկսելու, որը կսկսենք առավոտյան ժամը 10-ից, այն կտևի մինչև 13:00-ն: Կմասնակցեն մարզի բոլոր կառույցները, և այս ամենը կանենք «Սևան» ազգային պարկի հետ համատեղ»,- ասաց Սանոսյանը:
Ռեստորանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահե Գևորգյանը նշեց, որ փառատոնը հավակնում է դառնալ շարունակական:
«Սևանա լճի ավազանում ձկան փառատոնն անցկացվում է առաջին անգամ: Մենք հավակնում ենք այն դարձնել ամենամյա, և հաջորդ տարիներին ապահովել նաև միջազգային ներկայություն: Նախատեսում ենք հաջորդ տարվանից անցկացնել նաև թեմատիկ գիտաժողովներ Սևանա լճի խնդիրների հետ կապված: Փառատոնի նպատակը տեղի ռեստորանների զարգացումն է»,- նշեց Գևորգյանը:
«Էկո Ֆիշ Ֆեսթ» փառատոնը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին, Սևանի թերակղզու տարածքում: