3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի բերքն ու բարիքը, անարատ մեղրը, ձեռագործ աշխատանքն ու երգն ու պարը մեկ տեղում. Բերդ քաղաքում արդեն 8-րդ անգամ կանցկացվի Մեղրի և հատապտուղների փառատոնը: Այն անցկացվում է «Տավուշ հոգևոր վերածնունդ հիմնադրամ»-ի նախաձեռնությամբ: Փառատոնի մեկնարկը կտրվի օգոստոսի 10-ին և կտևի երկու օր: Առանձին տաղավարներով ինչպես Բերդի տարածաշրջանի, այնպես էլ հարակից համայնքների բնակիչները կներկայացնեն իրենց բերքն ու բարիքը, հատապտուղները, արտադրած մեղրը, ձեռագործ աշխատանքները: «Տավուշ հոգևոր վերածնունդ հիմնադրամ»-ի տնօրեն Արմինե Թումանյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ փառատոնը լավ հարթակ է տեղի բնակիչների ստեղծած բերքն ու բարիքը, տարածաշրջանի հնարավորությունները ներկայացնելու, նպաստելու դրանց վաճառքին:
«Փառատոնն արդեն 8-րդ անգամ է անցկացվում և այսօր կարող ենք ասել, որ ոչ միայն հասարակության շրջանում սիրված միջոցառումներից է, այլև ծառայում է իր առջև դրված նպատակին: Նախ տարեցտարի այցելուները տեղեկացան, թե Բերդի տարածաշրջանում ինչ բերք ու բարիք կա, բնակիչներն ինչ են արտադրում: Հաջորդ փուլն այն եղավ, որ արդեն օնլայն խանութների միջոցով տեղի բնակիչները կարողանում են իրացնել իրենց արտադրանքը Քանի որ այստեղ բերքն ու բարիքն առանձնանում է իր էկոլոգիապես մաքրությամբ, հետևաբար պահանջարկի պակաս չի զգացվում»,-ասաց Արմինե Թումանյանը:
Նա նկատեց, որ արդեն կան մեղր արտադրողներ, որոնք այնքան ճանաչում ու հաճախորդներ են ձեռքբերել, որ փառատոնին մասնակցելու խնդիր չունեն: Այժմ արդեն նոր արտադրողներ են ներգրավվում, որոնք շուկա մտնելու, ճանաչելիություն ձեռքբերելու խնդիր ունեն: Փառատոնին մասնակիցներին տաղավարները տրվում են անվճար:
«Փառատոնի գաղափարն այն է, որ ցույց տանք՝ առանց տները լքելու, այլ վայրերում աշխատանք փնտրելու այստեղ էլ կարելի է սեփական գործ կազմակերպել: Հաջողված դեպքերը խոսում են այն մասին, որ միջոցառումը հասել է իր նպատակին»,-ասաց Արմինե Թումանյանը:
Բերդում այդ օրերին մեծ տոն է լինելու՝ հագեցած տոնական համերգային ծրագրով: Մեկնարկը տրվել է օգոստոսի 10-ին՝ ժամը 11-ին: Արմինե Թումանյանը տեղեկացրեց, որ բուն ցուցահանդեսն ուղեկցվելու է Տավուշի երգի ու պարի խմբերի ելույթներով, տեղացի արվեստագետների ստեղծագործությունների ներկայացմամբ: Անցկացվելու է մեղրով տորթի մրցույթ, որի հաղթողները ստանալու են մրցանակներ: Երեկոյան Հայաստանի պետական ջազային նվագախմբի մասնակցությամբ կանցկացվի ջազ համերգ: Հաջորդ օրը նախատեսված են տուրեր զբոսաշրջային հնավորությունները ներկայացնելու նպատակով:
«Այսինքն՝ բոլոր պայմանները ստեղծված են, որ այցելուները և լավ ժամանակ անցկացնեն, և էկոլոգիապես մաքուր ուտելիք համտեսեն, և ծանոթանան Տավուշի զբոսաշրջային հնարավորություններին: Փորձը ցույց է տալիս այցելուները սիրահարվում են թե մեր բնությանը, թե համեղ ուտեստներին»,-հավելեց նա:
Փառատոնը հիմնադրվել է 2012 թվականին:
Աննա Գզիրյան