Հասարակական

Երևանում միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացմանը մասնակցել է հանրաճանաչ տիեզերագնաց Ավդեևը

2 րոպեի ընթերցում

Երևանում միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացմանը մասնակցել է հանրաճանաչ տիեզերագնաց Ավդեևը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը: Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը, տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ վայրում համախմբելը:

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր բեղուն պտուղները կտա հետագայում, երբ մասնակից պատանիները շարունակեն համագործակցությունը, համատեղ գործունեությամբ և ինժեներական նոր լուծումներով նոր խոսք ասեն տիեզերական գիտության ասպարեզում:

Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացման հանդիսությանը մասնակցել է նաև հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդեևը: Նա ևս ողջունել է ներկաներին, և արգասաբեր գործունեություն մաղթել ամառային դպրոցի աշխատանքներին: Ամառային դպրոցի 12 օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի տարբեր քաղաքների, Չեխիայի 12-18 տարեկան 38 դպրոցականների համար կանցկացվեն պրակտիկ դասընթացներ ու դասախոսություններ: Նրանք կայցելեն Բյուրականի աստղադիտարան, որտեղ գործնական պարապմունքների ընթացքում կդիտեն աստղազարդ երկինքը: Միջազգային ամառային տիեզերական դպրոցի մասնակիցները կծանոթանան նաև մեր պատմությանն ու մշակույթին, կհամատեղեն ուսումն ու հանգիստը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում