Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
1 րոպեի ընթերցում
![Խորհրդարանի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/07/982091.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային այցի շրջանակում Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի եւ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից, հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը կարեւորել է երկու կազմակերպությունների դերը հայ-ամերիկյան հարաբերություններում, գործընկերներին ներկայացրել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների օրակարգը:
Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման հարցում Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն եւ Ամերիկայի հայկական համագումարը կարող են իրենց ներդրումն ունենալ: