Սպորտ

Այստեղ եմ իսպանական փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար. Վիսենտե դել Բոսկե

2 րոպեի ընթերցում

 Այստեղ եմ իսպանական փորձը հայ մասնագետներին փոխանցելու համար. Վիսենտե դել Բոսկե

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի աշխարհահռչակ ֆուտբոլային մասնագետ Վիսենտե դել Բոսկեն Հայաստանում է և պատրաստվում է մարզչական դասընթացի միջոցով իր փորձը փոխանցել հայ մասնագետներին:

«Նախ պետք է շնորհավորեմ Եվրո-2020-ի ընտրական փուլի երկու հաղթանակների (Լիխտենշտեյնի և Հունաստանի թիմերի դեմ խաղերում) կապակցությամբ: Պետք է շարունակական աշխատանք տանել նաև մանկապատանեկան ֆուտբոլի թիմերի հետ, քանի որ ապագայում նրանք կարող են մեծ արդյունքների հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց մասնագետը:

Խոսելով Հայաստան ժամանելու մասին` դել Բոսկեն փաստեց, որ իր լավ ընկերներից մեկը՝ Հայաստանի ազգային հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինիանոն, աշխատում է Հայաստանի ընտրանու հետ և այստեղ է հայ մարզիչների համար դասախոսություն կարդալու նպատակով: «Նրանք Հայաստանի մասին միայն դրական բաներ են պատմել ինձ և գոհ են այստեղ գտնվելու համար: Հայ մարզիչները լավ արդյունքներ գրանցելու համար պետք է շրջապատված լինեն լավ օգնականներով: Լավ է, որ հիմա ֆուտբոլիստները դուրս են գալիս Հայաստանից՝ աճ գրանցելու համար: Դասախոսության ընթացքում խոսելու ենք ամեն ինչից և չենք կենտրոնանալու մի բանի վրա»,-ասաց նա:

Իսպանացի մասնագետը շեշտեց, որ Լիխտենշտեյնի և Հունաստանի դեմ երկու հաղթանակներից հետո առաջիկա խաղերում կներդրվի բոլոր ուժերը նորից հաղթանակի հասնելու համար և հավաքականից հիմա ավելին է պետք պահանջել: «Լավ հավաքական ունենալու համար հարկավոր է ներքին լավ առաջնություն»,-նկատեց իսպանացին:

Վիսենտե դել Բոսկեն համաշխարհային ֆուտբոլի պատմության տիտղոսակիր մարզիչներից մեկն է:Նրա գլխավորությամբ Մադրիդի«Ռեալը» երկուական անգամ հաղթել է Իսպանիաի առաջնությունում և Չեմպիոնների լիգայի մրցաշարում, իսկ Իսպանիայի հավաքականը դարձել է Աշխարհի 2010 թ. և Եվրոպայի 2012 թ. չեմպիոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում