Սահմանամերձ Չորաթանի երեխաները կրկին Իտալիայում. Armonia Armenia-ն նվիրվել է Հայոց ցեղասպանության տարելիցին

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնի շնորհալի սաները մայիսի 19-27-ը Իտալիայում էին: Նրանք մեկնել էին Իտալիայի Սկանդիչի (Ֆլորենցիա) համայնք «Լա մելագրանա» կազմակերպության հրավերով՝ մասնակցելու Հայոց Մեծ Եղեռնի տարելիցին կազմակերպված միջոցառմանը: «Armonia Armenia» (Ներդաշնակ Հայաստան) խորագրով միջոցառումն անցկացվել է Սկանդիչիի «Միլա Պիեռալլի» հայտնի թատրոնում՝ լեփ-լեցուն դահլիճում: Ներկա էին համայնքի ղեկավարությունը, Իտալիայի տարբեր քաղաքներից ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, դասախոսներ և այլ հյուրեր: Հայաստանից մեկնած պատվիրակության ղեկավար, «Մխիթար» ԵԿ-ի տնօրեն Էդգար Քալանթարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ Սկանդիչի համայնքում գործող Սպինելլի դպրոցի սաները, իրենց անմիջական մասնակցությամբ և հայերեն ելույթների թարգմանությունները կարդալով, իտալացիներին հաղորդակից դարձրին հայկական հնագույն մշակույթին:

«Մխիթար» երիտասարդական կենտրոնը իր ձևով միակն է Տավուշի մարզում, որի երկու տասնամյակի հասնող գործունեությունը Չորաթան համայնքը դարձնում է առավել աշխույժ և կենսուրախ: Կենտրոնում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, իրականացվում փոխադարձ այցելություններ և այլն: Այս տարիների ընթացքում «Մխիթար» ԵԿ-ը ձեռք է բերել բազմաթիվ նոր ընկերներ և բարեկամներ, և ոչ միայն Հայաստանից. 2013թ.-ից ի վեր կենտրոնի և իտալական «Լա Մելագրանա» կազմակերպության միջև ստեղծվել է միջմշակութային համագործակցության մի հրաշալի ձևաչափ, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի փոխադարձ այցելություններ են տեղի ունենում»,-ասաց Էդգար Քալանթարյանը: Նա նշեց, որ տարիների ընթացքում երկու կազմակերպությունների արդյունավետ շփումները հիմք հանդիսացան նաև ինստիտուցիոնալ կապերի հաստատման համար, որի արդյունքում ակնկալվում է նաև Սկանդիչիի քաղաքապետ՝ պարոն Սանդրո Ֆալլանիի այցելությունը Չորաթան համայնք:

Միջոցառմանն իր ելույթում Էդգար Քալանթարյանն անդրադարձել է Չորաթանի և Սկանդիչիի համագործակցությանը:

«Այս հրաշալի համագործակցության հիմքը ծագել է լավ ընկերությունից, որը տարիների ընթացքում վեր է ածվել Չորաթանի և Սկանդիչիի (Ֆլորենցիա) միջև այնպիսի կամուրջի ստեղծման, ինչը երկու հնագույն մշակույթ ունեցող ազգերին միմյանց կապող հերթական քայլն է: Մշակույթի նպատակը աշխարհի ճանաչումն է, վերջինիս ճշմարտության բացահայտումն ու իր միջոցներով աջակցելը երկրի վրա նրա գոյապահպանությանը: Նմանապես այն միջոց է նաև ուրիշ մեկ այլ մարդկանց, ժողովուրդներին ճանաչելու, բնության օրինաչափությունները հասկանալու, գեղեցկության, բարու և սիրո ճանաչման համար: Հայաստանն ու Իտալիան իրենց ուրույն նկարագիրն են կերտել ինքնատիպ մշակույթով՝ հոգևոր և նյութական արժեքներով: Սակայն մշակույթը որքան էլ եզակի լինի, եթե մնա պարփակված, մեկուսացված երբեք չի կարողանա զարգանալ: Հենց նշված հանգամանքով է պայմանավորված, որ հաղթահարելով բազմաթիվ կիլոմետրեր, փորձել ենք ներկայացնել մերը և ճանաչել ու վերցնել նաև ուրիշինը»,-նշել է նա:

Էդգար Քալանթարյանի խոսքով՝ միայն քաղաքական և տնտեսական գործոնները բավական չեն ժողովուրդների և պետությունների միջև նոր համագործակցությունների կառուցման ճանապարհին: Շատ կարևոր են նաև միջմշակութային փոխհարաբերությունները, քանի որ հենց դրանք են հիմք հանդիսանում նոր արժեքների և գլուխգործոցների ստեղծման համար:

«Ուրիշի քաղաքակրթությանը պատկանող արժեքների հանդեպ անհանդուրժողականությունը, մշակութային կամ կրոնական ժառանգության վնասումը, ավիրումը պետք է վճռականորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը սկսվեց հենց հայ մտավորականության և մշակույթի գործիչների ձերբակալմամբ և սպանությամբ»,- ասաց Էդգար Քալանթարյանը:

Նա նշեց նաև, որ դարերի ընթացքում ստեղծված մշակութային համագործակցությունը մեծագույն հարստություն է երկու երկրների համար, դրա վառ օրինակը Մխիթարյան Միաբանության հայրենանվեր գործունեությունն է Իտալիայում, որի հիմնադիր Մխիթար Սեբաստացին 18-րդ դարում Վենետիկում հիմնեց աշխարհասփյուռ հայ մշակույթի վերածննդի կենտրոն՝ ստեղծելով յուրօրինակ ներդաշնակություն հայ և իտալացի ժողովուրդների հազարամյակների մշակույթների միջև, որը մենք շարունակում ենք խթանել և կյանքի կոչել այսպիսի նախաձեռնություններով:

Հայաստանի մխիթարյան կենտրոնը, իր հիմնական առաքելության շրջանակներում, գրեթե երկու տասնամյակ կրթական-մշակութային գործունեություն է ծավալում Տավուշի սահմանամերձ Չորաթան համայնքում: 2001 թ-ից Չորաթանում գործող «Մխիթար» երիտասարդական կենտրոնը համայնքի պատանիների և երիտասարդների համար դարձել է միակ ժամանցի կազմակերպման վայրը: Դպրոցի դասերից հետո հաճախելով կենտրոն՝ սաները անվճար հիմունքներով ձեռք են բերում բազմաթիվ հմտություններ և կարողություններ. նրանք օգտվում են համակարգչային հնարավորություններից, գործում են ազգային պարի, երգեցողության, գորգագործության, հելյունագործության, մաքրամեի, ճատրակի, ասմունքի, ասեղնագործության, նկարչության, կիթառի, մարմնամարզության խմբակները: Ամենօրյա այս խմբակները համայնքի երեխաներին հնարավորություն են ընձեռում ճանաչելու և վերարժևորելու հայկական ավանդական արժեքները, ձեռարվեստը և մշակույթն ընդհանրապես:Մեր հիմնական նպատակը՝ զարգացնել Հայաստանում կրթությունը և մշակույթը՝ որպես արդի դարաշրջանի կարևորագույն գործոն՝ խթանելով առավել գրագետ, հայրենասեր և մշակութասեր հասարակության ձևավորմանը:

Հայերեն العربية English

Երևանում Աբովյան փողոցի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունիաթյանցը կգլխավոր Հայաստանի բասկետբոլի կանանց Մ20 տարեկանների ընտրանին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին