Ավստրիայի նախագահը պաշտոնից ազատել է կանցլեր Կուրցին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մայիսի 28-ին պաշտոնից ազատել է կառավարության անդամներին՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ և թույլատրել է նրանց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչ անցումային կառավարության ձևավորումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ավստրիական լրատվամիջոցները:
Նախագահը ֆինանսների նախարար, փոխկանցլեր Հարտվիգ Լյոգերին լիազորել է ժամանակավորապես կատարել կանցլերի և ժամանակավոր կառավարության ղեկավարի պարտականությունները:
Արարողությունը տեղի է ունեցել Վիեննայում Ավստրիայի նախագահի գրասենյակում: Դրան չի մասնակցել Սեբաստիան Կուրցը:
Ավստրիայի խորհրդարանը մայիսի 27-ի հատուկ նիստում կողմ էր քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու հարցին: