ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը դատարանները շրջափակելու ակցիային հաջորդած միջազգային արձագանքները հիմնականում դրական է համարում: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում դեռևս անցած տարի մայիսին սկսված հեղափոխությունը մտել է արդեն 3-րդ փուլ, քանի որ առաջին փուլով գործադիրում հեղափոխություն տեղի ունեցավ, 2-րդ փուլով՝ օրենսդիրում, և փորձը ցույց է տալիս, որ 3-րդ փուլի անհրաժեշտությունը ևս կա։
«Կարծում եմ՝ ակցիան ծառայել է իր նպատակին, ավելի ակտիվ խոսակցություններ են սկսվել այս ոլորտում բարեփոխումներ կատարելու»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց ԱԽ քարտուղարը:
Դիտարկմանը, թե ոչ մի դատավոր մինչ այս պահը դեռ հրաժարական չի տվել, Արմեն Գրիգորյանը պատասխանեց. «Դա չի չափվում դատավորների հրաժարականով, հիմնական նպատակն այն չէր, որ դատավորները հրաժարական տան, նպատակը ոլորտում բարեփոխումներ կատարելն է»։
Ախ քարտուղարը դրական է համարում նաև միջազգային հանրության արձագանքը, որ այդ բարեփոխումներին կաջակցեն ոչ միայն մասնագիտական, այլ նաև ֆինանսական առումով: