Հասարակական

Արայիկ Հարությունյանը թատերականի ուսանողների բարձրաձայնած խնդիրները քննարկելու է ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը թատերականի ուսանողների բարձրաձայնած խնդիրները քննարկելու է ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի ընտրություններին հաջորդած բողոքի ակցիայից հետո հանդիպել է ակցիայի մի քանի մասնակից ուսանողի հետ և լսել նրանց տեսակետները տեղի ունեցող զարգացումների շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նախարարը հայտնել է ֆեյսբուքի իր էջում:

«Հանդիպեցի Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ)՝ բողոքի ակցիա իրականացրած ուսանողների ներկայացուցիչներին։

Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսանողները ներկայացրին խնդիրներն ու տեղի ունեցող զարգացումների շուրջ իրենց տեսակետները։

Պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ ուրբաթ կհանդիպեմ նաև բուհի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին՝ ներկայացված խնդիրների շուրջ նաև նրա տեսակետները լսելու նպատակով»,- գրել է Հարությունյանը:

Անդրադառնալով ուսանողների առաջարկներին` նախարարը հայտնել է, որ ուսանողները նաև առաջարկել են ընդլայնված կազմով հանդիպում բուհի ուսանողության հետ։

«Ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից հետո կտեղեկացնեմ նաև ուսանողների հետ հանդիպման տեղի ու ժամի մասին»,-եզրափակել է Հարությունյանը:

Մայիսի 22-ին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեկտորի ընտրություն է անցկացվել: Ընտրվել է ռեկտորի միակ թեկնածու Լիլիթ Արզումանյանը: Ուսանողներն իրենց անհամաձայնությունն են հայտնել այդ կապակցությամբ` փակելով ինստիտուտի դռները: Նրանք թույլ չեն տվել շենքը լքել ներսում գտնվողներին:

Այնուհետև համաձայնվել են հանդիպել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ հարցը քննարկելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում