Հասարակական

«Վերադարձ» ծրագիրը Տավուշի մարզ կբերի շուրջ 5 հազար ընտանիքի

2 րոպեի ընթերցում

«Վերադարձ» ծրագիրը Տավուշի մարզ կբերի շուրջ 5 հազար ընտանիքի

ԵՆՈՔԱՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Տավուշի մարզպետարանի նախաձեռնությամբ մարզում կիրականացվի «Վերադարձ» ծրագիրը: Դրա շրջանակներում նախատեսվում է մինչև 2025թ. մարզ վերադարձնել շուրջ 5 հազար ընտանիքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Մեր նպատակն է մինչև 2025 թ. «Վերադարձ» ծրագրով առնվազն 5 հազար ընտանիք վերադարձնել Տավուշ: Այսօր արդեն աշխատում ենք կոնկրետ ընտանիքների հետ, ձևավորում ենք գործընկերության շրջանակը: Հիմնականում մեր խնդիրն է, որ վերադառնան սահմանամերձ բնակավայրեր»,-ասաց նա:

Մարզպետի կարծիքով՝ իրենց գործունեության հիմնական ցուցիչը ժողովրդագրական վիճակն է: Եթե նույնիսկ 1000 ձեռնարկություն բացվի մարզում, սակայն ժողովուրդը հեռանա, մարզպետը կհամարի, որ իրենք ձախողվել են: Առ այսօր այս առումով որևէ հաստատուն պետական ծրագիր չի եղել: Սակայն շուտով արդեն պաշտոնապես կհայտարարեն «Վերադարձ» ծրագրի մասին:

«Մեր նպատակն է հայտնաբերել այն ընտանիքներին, որոնց վերադարձը հայրենիք հավանական է, և նրանց համար ստեղծել կենսաապահովման նվազագույն պայմաններ, այսինքն՝ բնակվելու, աշխատելու, ամսական արժանապատիվ եկամուտ ունենալու հնարավորություն»,-ասաց մարզպետն ու կարևորեց նաև հայերեն չխոսող երեխաների կրթության հարցը:

Չոբանյանը վստահություն հայտնեց, որ եկող ուսումնական տարում արտերկրից, հատկապես Ռուսաստանից վերադարձած տասնյակ երեխաներ կհաճախեն դպրոց:

Թեև ծրագրի պաշտոնական մեկնարկը դեռ չի տրվել, սակայն այս պահին Տավուշ վերադարձած շուրջ 10 ընտանիք է հաշվառվել: Մարզպետարանն ունի ռազմավարական մոտեցումներ, գործընկերների շրջանակ և ծրագրի պաշտոնական մեկնարկը կտրվի շուտով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում