Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ
2 րոպեի ընթերցում
![Վարազդատ Կարապետյանը հանդիպել է ԵԽ համազեկուցողների պատվիրակության հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/05/974763.jpg)
ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 14-ինհանդիպել է ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսի համազեկուցողների պատվիրակության հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԵԽ կոնգրեսի համազեկուցող Գուն Մարիտ Հելգեսենը, վերահաստատելով Հայաստանի հետ Տեղական ինքնակառավարման մասին եվրոպական խարտիայի իրականացման մոնիթորինգի շրջանակներում փոխգործակցությունը եւ քաղաքական երկխոսությունը շարունակելու հանձնառությունը, հետաքրքրվել է Խարտիայի վավերացման կապակցությամբ միջոցառումների ճանապարհային քարտեզով Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ հանձնառությունների կատարման, մասնավորապես տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտներում բարեփոխումների ընթացքով:
Վարազդատ Կարապետյանը խոսել է առաջիկայում նախատեսվող համայնքների միավորման գործընթացի սկզբունքների, ինչպես նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների՝ ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրության մասին: Նա ներկայացրել է համայնքների կառավարման համակարգը ձեւափոխելու եւ այն առավել արդյունավետ դարձնելու իր տեսլականը: Անդրադառնալով ֆինանսական համահարթեցման մասին ՀՀ օրենսդրությանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է, որ այն պետք է արմատապես վերափոխվի, ինչին համակարծիք են եղել նաեւ եվրոպացի գործընկերները:
Նշենք, որ այցից հետո համազեկուցողները կպատրաստեն Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հաշվետվություն:
Պատվիրակության կազմումէին Կոնգրեսի համազեկուցողներ Բրիոնի Ռուդկինը, Գուն Մարիտ Հելգեսենը, անկախ փորձագետ Լինզե Շամպը, Կոնգրեսի մոնիթորինգային հանձնաժողովի քարտուղար Ստեֆանի Պուարելը: