Գյումրիում կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 74-ամյակին նվիրված Գյումրիում կայացավ զորահանդես, որին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը, սահմանապահ ջոկատը:

Հաղթանակի մարտական դրոշի մուտքն ազդարարեց համատեղ շքերթի մեկնարկը:

Մինչ զորամիավորումների քայլերթը, բոլորին ողջունեց միացյալ խմբավորման հրամանատար գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը: «74 տարի է անցել այն օրից, ինչ ի շնորհիվ սովետական ազգի հերոսական պայքարի հաղթականորեն ավարտվեց պատմության ամենաարյունալի պատերազմը: Այս հաղթանակին սովետական ժողովուրդը հասավ երկար ու ձիգ 4 տարիների ընթացքում, որոնք խլեցին 27 մլն մարդու կյանք: Փառք բոլոր հերոսներին»,- ասաց նա:

Տոնի առթիվ բոլորին ողջունեց նաև ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Ելկանովը: «Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անունից շնորհավորում եմ Մեծ Հայրենականի վետերաններին՝ նրանց քաջագործության համար, նաեւ խոնարհվում եմ այն մարդկանց շիրիմների առջեւ, ովքեր չզգացին հաղթանակի բերկրանքը»,- նշեց հրամանատարը՝ բոլորին կոչ անելով 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը:

Շիրակի մարզպետի ու Գյումրու քաղաքապետի շնորհավորական ուղերձներից և ՀՀ և ՌԴ օրհներգներից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Մեծ հայրենականի պատերազմ մեկնածների հանդերձանք հագած զինվորներինն էր: Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո, հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան: Շարասյունը գլխավորում էին ԲՌԴՄ-2 հետախուզադիտական մարտական մեքենաները՝ համալրված կառավարվող հակատանկային ռեակտիվ արկերով: Ցուցադրվեցին նաև ցանկացած պայմաններում արդյունավետ կապ ապահովվող հրամանատարային-կառավարման մեքենաները, ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որի նախատիպը հանդիսանում է լեգենդար «Կատյուշան», ինչպես նաև ՄՏ-12 հակատանկային հրետանային ստորաբաժանումները:

Շքերթի ներկաներին իրենց հմտություններով ու պատրաստականությամբ ուրախացրեցին նաև ՀՀ ԶՈՒ հատուկ ջոկատի զինվորները: Հայրենական Մեծ պատերազմի 74 ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց անմահ-գունդը՝ գյումրեցիները կրում էին պատերազմում զոհված իրենց հարազատների նկարները:

Մայիսյան հաղթանակների առթիվ այսօր բազմամարդ էր նաև Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Գյումրու «Վարդանանց» հրապարակում կայացած հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթից հետո, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հարգելով Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը՝ ծաղկեպսակ դրեցին«Անմար կրակ»-ի մոտ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր