Քաղաքականություն

«Իմ քայլը» ներկայում նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով

3 րոպեի ընթերցում

  «Իմ քայլը» ներկայում նպատակահարմար չի համարում Ծառուկյանի հարցով ստեղծել էթիկայի հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը ներկայում նպատակահարմար չի գտնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ հնարավոր ձեռնարկատիրությամբ զբաղվելու խնդրի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծել, սակայն որևէ փուլում չի բացառում դրա հնարավորությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում ասացխմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Խմբակցությունում քննարկում եղել է, և մենք հանգել ենք այն եզրահանգման, որ այս պահին մեզ համար իսկապես կարևոր է սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը, միևնույն ժամանակ նախաձեռնելով այն բոլոր օրենսդրական փոփոխությունները, որոնք անհրաժեշտություն կտան թե բացերը լրացնելու, թե էթիկայի հանձնաժողովը մշտական դարձնելու համար: Մեր հայտարարությունը չի նշանակում, որ որևէ փուլում բացառում ենք էթիկայի հանձնաժողով ստեղծելը, բայց այս պահին նպատակահարմար ենք համարում սպասել իրավապահ մարմինների եզրակացությանը»,-ասաց Մակունցը:

Նա նաև նշեց, որ օրենսդրական առումով բացերը, որը նախանշվել է պետաիրավան հանձնաժողովի կողմից, օր առաջ պետք է նախաձեռնվի: Գործընթացը սկսվում է, և ենթադրում է, որ քառօրյայից հետո ակտիվ կզբաղվեն այդ հարցով:

Ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ խնդրելով ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցել քրեական հետապնդում՝ հիմք ընդունելով պատգամավորի լիազորությունների դադարեցումը` պատգամավորական մանդատի անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքերում: Ինչպես նաև, օրենքով նախատեսված կարգով անցկացնել քննություն` պարզելու ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հանցակազմի առկայությունը։

Նույն հիմքերով դիմում է հղվել նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ խնդրանքով` պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմել Սահմանադրական դատարան, և ստեղծել պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով` խնդրո առարկայի վերաբերյալ քննություն անցկացնելու համար:

ՀՀ Գլխավոր դատախազությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ և ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումը ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:

Մայիսի 2-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Գագիկ Ծառուկյանին հորդորել էր սպառիչ հրապարակային պարզաբանում ներկայացնել խնդրի վերաբերյալ. Մայիսի 6-ին Գագիկ Ծառուկյանն, արձագանքելով Արարատ Միրզոյանի հորդորին, հրապարակային պարզաբանում էր ներկայացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում