Թվայնացում, ավտոմատացում, բարձր տեխնոլոգիաներ. գերմանական «Ֆրաունհոֆեր»-ը Հայաստանում ընդլայնում է գործունեությունը
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը Հայաստանում: Դեռևս 2018 թվականի նոյեմբերին Գերմանիա կատարած այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Այն ժամանակ խոսվում էր գերմանական ինստիտուտի՝ Հայաստանում նոր ծրագրեր իրականացնելու հետաքրքրվածության մասին: Այսօր արդեն տեսանելի են գործնական արդյունքները: Պատասխան այցով Հայաստանում են «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի ներկայացուցիչները:
Լրագրողների հետ զրույցում «Ֆրաունհոֆեր» ինստիտուտի նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն Յենս Գյունտեր Նոյգեբաուերը նշեց, որ Հայաստանում են հագեցած օրակարգով, մի շարք հանդիպումներով:
«Մեր այցելությունների ցանկում են մի շարք ինստիտուտներ, այդ թվում Թումոն: Հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ են լինում, սակայն, կարծում եմ, դեռ վաղ է կոնկրետ որոշումների մասին խոսելը: Բայց ես վստահ եմ, որ մենք կգտնենք համագործակցության կոնկրետ ուղղություններ: Շատ տպավորիչ է տեսնելը, թե Հայաստանն ինչպես է հոգ տանում երիտասարդների նկատմամբ, հնարավորություններ ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին մոտ լինելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Յենս Գյունտեր Նոյգեբաուերը: Նա նշեց, որ «Ֆրաունհոֆեր»-ը հետազոտական կազմակերպություն է, ոչ քաղաքական, հետևաբար իրենք փնտրում են հետազոտական նախագծեր, այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնող իրավասու կողմեր: Նա հավատում է, որ Հայաստանի հետազոտական ոլորտն ունի մեծ ներուժ:
Ինստիտուտի ներկայացուցիչները կոնկրետ ծրագրերի մասին դեռ վաղ են համարում խոսելը, սակայն նշում են հնարավոր համագործակցության ուղղությունները՝ բարձր տեխնոլոգիաներ, ռոբոտաշինություն, ավտոմատացում, թվայնացում: Վերջին ուղղությամբ արդեն ինստիտուտը Հայաստանում ծրագիր իրականացնում է: 2016 թվականից համագործակցում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հետ՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում։ 2017 թվականից մեկնարկել են 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման և վերականգնման աշխատանքները:
«Ֆրաունհոֆեր» ինստիտուտի ավտոմատացման տեխնիկայի ոլորտի տնօրեն Յորգ Քրյուգերը նշեց, որ հաջողությամբ իրականացնում են Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացման և վերականգնման աշխատանքները:
«Մենք լուրջ առաջընթաց ունենք այս ոլորտում, նպատակ ունենք շարունակելու վերականգնման աշխատանքները, մշակում ենք նոր առաջարկներ՝ հիմքում դնելով թվայնացումն ու վերականգնումը: Ինչպես գիտեք, մենք այս ոլորտում մեծ փորձ ունենք, իսկ Հայաստանն էլ ունի մեծ մշակութային ժառանգություն: Հետևաբար, մենք հետաքրքրված ենք համագործակցությունը շարունակելու հարցում»,-ասաց Յորգ Քրյուգերը:
Նա ընդգծեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ հնարավորություններ կան: Լինելով Ինժեներական քաղաքում, ծանոթանալով իրականացվող ծրագրերին՝ Յորգ Քրյուգերը նկատեց, որ փոխգործակցության հետաքրքրությունների շրջանակը լայն է՝ կապված ավտոմատացման, արհեստական բանականության, տեխնոլոգիական այլ լուծումների հետ: