«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկելու են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց
2 րոպեի ընթերցում
![«Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ առաջարկելու են նախաձեռնել Սահմանադրական փոփոխությունների գործընթաց](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/971835.jpg)
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և մի շարք այլ պատգամավորներ հանդես են գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մակունցն այս մասին հայտարարեց ապրիլի 18-ին, Ազգային ժողովի նիստի ընթացքում:
«Պատասխանելով խորհրդարանական ընդդիմության կողմից բարձրացված խորհրդարանական վերահսկողության ամրապնդմանն ուղղված հարցադրումներին, հայտնում եմ, որ շուտով ես և «Իմ քայլը» խմբակցությունից մի շարք այլ պատգամավորների հանդես ենք գալու Սահմանադրական փոփոխություններ կատարելու գործընթաց նախաձեռնելու առաջարկությամբ, որի նպատակն այլ հարցերի հետ մեկտեղ լինելու է կառավարությանը և վարչապետին ենթակա մարմիններին ԱԺ հերթական նիստերին պատգամավորների հարցերին պատասխանելու հրավերը: Այսպիսով, այն, ինչ վերջին շրջանում բնութագրվել է, որպես անհնար կամ մի բան, որին խորհրդարանական մեծամասնությունը դեմ է, ինչպես տեսնում եք՝ իրականությանը չի համապատասխանում: Եվ ուրեմն, չնայած՝ Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Պետական եկամուտների կոմիտեն Ազգային ժողովի հարցուպատասխանին մասնակից դարձնելու ցանկությունը մեր ընդդիմադիր գործիչներինն էր, այս ուղղությամբ համատեղ աշխատանքների առաջարկը համարվեց անիրատեսական: Այդ պատճառով, կարևորելով նշված կառույցների հանրային հաշվետվողականությունը, մենք ինքներս ենք նախաձեռնելու նրանց Ազգային ժողով հրավիրելու համար անհրաժեշտ փոփոխություններ ձեռնարկելը»,- նշեց Մակունցը:
Ապրիլի 17-ի Ազգային ժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին առաջարկեց մշակել միասնական օրենսդրական նախագիծ՝ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն հարցուպատասխանի հրավիրելու համար: