Հասարակական

Ազգային ժողովը նիստի օրակարգ չընդգրկեց միայն 1 տարի ծառայություն անցնելուց հետո մարտական հերթապահություն սահմանելու մասին նախագիծը

3 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը նիստի օրակարգ չընդգրկեց միայն 1 տարի ծառայություն անցնելուց հետո մարտական հերթապահություն սահմանելու մասին նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: Պատգամավորները դրանով առաջարկում էին զինծառայողներին մարտական հերթապահության ուղարկել միայն առնվազն 1 տարի զինծառայություն անցնելուց հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը:

«18 տարեկան երիտասարդները չափազանց անփորձ են մարտական հերթապահություն իրականացնելու համար: Մարտական հերթապահության պատրաստվելու համար հիմա սահմանված է 5 ամիս տևողություն, որից հետո նոր անցնում են մարտական հերթապահության: Առաջարկությունը հետևյալն է, որ 12 ամիս զինծառայություն անցնելուց, պատրաստություն ձեռք բերելուց հետո նոր անցնեն մարտական հերթապահություն»,-ներկայացրեց Էնֆիաջյանը ու վստահեցրեց, որ բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, խնդրանքով դիմել են զինծառայողների ծնողները:

Նրա կարծիքով` նախաձեռնությունը պարունակում է նաև կանխարգելող միջոց:

Գլխադասային` Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելիս «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը նշեց, որ խորը քննարկումներ են ունեցել: Նա նկատեց, որ տարբեր տարիների կտրվածքով զոհերի թիվը որևէ կապ չունի ուսուցման ժամկետի հետ: «Հրադադարի խախտման հետևանքով զոհերի պատճառը ևս ուսուցման ժամկետները չեն: ՀՀ զինված ուժերում զինծառայողի պատրաստության գործընթացն իրականցվում է փուլերով: Դրա շրջանակում մարտական պատրաստության օրենքում սահմանված է պարտադիր զինվորական ծառայության առաջին 5 ամիսների ընթացքում զինծառայողի համապատասխան պատրաստության և զինվորական մասնագիտության ուսուցման ստորաբաժանման կազմում ներդաշնակման և գործելու ամբողջական ցիկլը: Դրա շրջանակում զինվորը ստանում է անհրաժեշտ պատրաստություն` մարտական հերթապահությունում ընդգրկվելու համար»,-ասաց նա ու հավելեց` նախագծով ուսուցման ծրագիրը ևս յոթ ամսով երկարաձգելը կհանգեցնի ուսուցման ծրագրի անհիմն ընդլայնման, կրկնության, որը ոչ բարենպաստ ազդեցություն կունենա մարտական հերթապահություն իրականացնող զորամասի մարտական խնդիրների կատարման վրա:

Գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել նախագծին: Նախագիծը լիագումար նիստ ընդգրկելու համար կողմ քվեարկեց 38 պատգամավոր, դեմ` 67, ձեռնպահ` 2 պատգամավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում