ԱՄՆ-ը Խաֆթարից պահանջել Է դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ֆելդմարշալ Խալիֆա Խավթարի՝ Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) ստորաբաժանումներին կոչ Է անում անհապաղ դադարեցնել հարձակումը Տրիպոլիի վրա: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի՝ ապրիլի 7-ին հրապարակված հայտարարության մեջ:

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած Է Տրիպոլիից ոչ հեռու ընթացող մարտական գործողություններից: Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ հանդես ենք գալիս Խալիֆա Խաֆթարի ուժերի ռազմական հարձակման դեմ եւ հաստատակամորեն կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները Լիբիայի մայրաքաղաքի դեմ»,- ասված Է փաստաթղթում:

Փոմպեոն ընդգծել Է, որ լիբիական հակամարտությունը ռազմական լուծում չունի: Պետքարտուղարը նաեւ նշել Է, որ «Տրիպոլիի դեմ այդ միակողմանի ռազմարշավը սպառնալիքի տակ Է դնում քաղաքացիական բնակչության կյանքը եւ վիժեցնում բոլոր լիբիացիների համար լավագույն ապագայի հնարավորությունը»:

Ապրիլի 4-ին Խաֆթարը հայտարարել Է Տրիպոլիի վրա հարձակում սկսելու մասին: Նրա զորքերը մայրաքաղաքը գրոհում են գլխավորապես հարավային ուղղությունից: Այժմ նրանք այնտեղ կատաղի մարտեր են մղում Տրիպոլիում հաստատված՝ Ֆայիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարության կազմավորումների դեմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский