Իտալացի պատգամավորները խոստացել են հետևողական ջանքեր գործադրել ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացնելու ուղղությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 5-ին ընդունել է ճանաչողական այցով Հայաստան այցելած Իտալիայի խորհրդարանական ներկայացուցչական պատվիրակությանը` կազմված Սենատի եւ Պատգամավորների պալատի անդամներից:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով իտալացի գործընկերներին խորհրդարանում` օրենսդիր մարմնի ղեկավարն արժեւորել է երկու ժողովուրդների միջեւ ձեւավորված դարավոր հարաբերությունները, որոնք հիմնված են ընդհանուր պատմական, մշակութային, քաղաքական արժեքների վրա:

Արարատ Միրզոյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանում վերջին շրջանում արձանագրված զարգացումները, միջազգային հանրության կողմից ազատ, արդար եւ ժողովրդավարական գնահատված խորհրդարանական ընտրությունները, վերջինիս արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի առաջնահերթությունների օրակարգը: «Խորհրդարանական արտահերթ ընտրությունները վերջին քայլն էին հեղափոխական այն գործընթացի, որը սկիզբ էր առել երկրում ժողովրդավարության ամրապնդման նպատակով»,-նշել է ԱԺ նախագահը:

Նա կարեւորել է խորհրդարանական կառավարում ունեցող երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ գործակցությունը, փոխադարձ այցերը, փորձի փոխանակումն ու խորհրդարանական դիվանագիտության դերը:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին` խորհրդարանի ղեկավարն ընդգծել է այն կարեւորությունը, որ մեր երկիրը տալիս է եվրոպական տարածաշրջանի հետ ինտեգրմանը: Այս համատեքստում նա արժեւորել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը` հույս հայտնելով, որ այցից հետո իտալացի գործընկերներն իրենց խորհրդարանում նոր խթան կհաղորդեն այս գործընթացին:

Արարատ Միրզոյանը հյուրերի ուշադրությունը հրավիրել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությանը` նշելով, որ միայն նման ոճրագործությունների դատապարտումով է հնարավոր կանխել մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները:

Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լուպի Մաուրիցիոն նշել է, որ խորհրդարանի բոլոր խմբակցությունները ներկայացնող իրենց խմբի համար այս այցը լավ հնարավորություն է անմիջականորեն ծանոթանալու ոչ միայն հայաստանյան քաղաքական գործընթացներին, այլեւ քրիստոնյա հայ ժողովրդի դարավոր պատմական ու մշակութային ժառանգությանը: Նրա խոսքով` սա իր հերթին մեծապես կնպաստի ավանդական կապերի հետագա զարգացմանը, նոր լիցք կհաղորդի հայ-իտալական համագործակցությանը:

Ըստ Լուպի Մաուրիցիոյի` իրենք հետեւել են Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացներին, ինչի արդյունքում ստեղծված նոր իրողությունները զարգացման լայն հեռանկարներ են բացել: Նա հավաստիացրել է, որ թե ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը Սենատի եւ Պատգամավորների պալատի օրակարգային հարցերից են ու իրենց ջանքերն այս ուղղությամբ հետեւողական են լինելու:

Հանդիպմանն իրենց տեսակետներն են հայտնել Իտալիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները:

Հայերեն English Français Русский

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է