Պաշտոնական

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

3 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ընդունել է Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսին: «Արմենպրես»-ին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից տեղեկացրեցին, որ խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները, նշել է, որ դրանց առավել խորացմանն ու ընդլայնմանը կնպաստի նաեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը:

Արժեւորելով Հայաստանի եւ Բրազիլիայի օրենսդիր մարմինների միջեւ առկա փոխգործակցությունը՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Հայաստան-Բրազիլիա բարեկամական խումբը, ինչն իր հերթին խթան կհանդիսանա համագործակցության աշխուժացման համար:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Բրազիլիայի Դաշնային Սենատին Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ ընդգծելով միջազգային հարթակներում ցեղասպանությունները դատապարտող ու կանխարգելող նախաձեռնություններում համագործակցության կարեւորությունը: Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ ջերմ հարաբերությունների ամրապնդմանը: Նա ևս կարեւորել է իրավապայմանագրային դաշտի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը, ինչպես նաեւ պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը` երկու երկրների կապերի խորացման գործում:

Երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում դեսպանն արժեւորել է բրազիլահայ համայնքի դերակատարությունը` ընդգծելով նաեւ նրանց ակտիվ գործունեությունն ամենատարբեր ոլորտներում:

Աժեմար դե Մենդոնսա Սանկտոսն Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հայ-բրազիլական հարաբերությունների եւ համագործակցության ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունները եւ փոխգործակցության օրակարգը: Արարատ Միրզոյանն այդ հարցում գործուն աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել:

Կողմերը քննարկել են համատեղ նոր ծրագրեր իրականացնելուն առնչվող հարցեր, կարեւորել փոխգործակցության ակտիվացումըմասնավորապես զբոսաշրջության, գյուղատնտեսության ու գիտակրթական ոլորտներում, ինչպես նաեւ ներդրումների խթանման գործում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում