Ղարաբաղյան հիմնահարց

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

2 րոպեի ընթերցում

Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է Փաշինյան-Ալիև առաջին պաշտոնական հանդիպումը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում կայացած հանդիպման հետ կապված հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին քաղաքական ուժի լրատվական ծառայությունից, հայտարարության մեջ ասված է.

««Ազատ հայրենիք» կուսակցությունը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո մարտի 29-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ունեցած առաջին պաշտոնական հանդիպումը: Համոզված ենք՝ քաղաքական երկխոսությունը կարևոր նախապայման է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծմանն ու ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Այս առումով մենք բարձր ենք գնահատում... հանդիպման ընթացքում հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտության վերահաստատումը և հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման պայմանավորվածության ձեռքբերումը, որը հստակ արձանագրվել է այդ առթիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ տարածած հայտարարության մեջ: Կարծում ենք, որ հակամարտության կարգավորման գործընթացում իրական առաջընթաց ապահովելու համար ևս մեկ քայլ պետք է դառնա բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնումը՝ դրա բոլոր փուլերին Արցախի Հանրապետության անմիջական մասնակցությամբ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում